top of page
Writer's pictureBook Fest

Նորայր Սարգսյան


Արձակագիր, ծրագրավորող: 2023 թվականին «Արձակ» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի «Առաջին մրցանակ»-ին:


«Նորայր Սարգսյանի «Չինական պատ»-ն իսկապես ուշագրավ երևույթ է մեր երիտասարդական գրականության մեջ: Նա կարողացել է գեղարվեստորեն հավաստի ներկայացնել արդի հայ երիտասարդության մեջ տիրող որոշ տրամադրությունները: Ես հավատում եմ նրա կարողություններին»,- այսպես է գրել Ալեքսանդր Թոփչյանը Նորայր Սարգսյանի «Չինական պատ» պատմվածաշարի մասին:


Ծնվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Երևանում։ 2010-ին ավարտել է Երևանի Ար․ Երզնկյանի անվան համար 118 միջնակարգ դպրոցը։ 2010-2014 թթ․ սովորել է ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետում, մասնագիտացումը՝ հակաճգնաժամային կառավարում։ 2016-ից աշխատում է որպես ծրագրավորող։ Տպագրվել է հանրապետական գրական մամուլում: Գործերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: 2018-ին «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը լույս է ընծայել հեղինակի առաջին գիրքը՝ «Չինական պատ» պատմվածաշարը, որի համար արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի: 2019 թվականին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում բանախոսել է «Գրականությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները» թեմայով:



ՊԵՏՐՈՍԸ


Մաս առաջին


Առաջին բանը, որ Պետրոսը զգաց ուշքի գալուց հետո, ցավի բացակայությունն էր։ Ամիսներ, ահա արդեն համարյա մեկ տարի տևած ամենօրյա ցավի բացակայությունը այնպիսի հանգստություն էր բերել Պետրոսին, որպիսին երբևէ չէր ունեցել ինքը։ Նրա դիմաց վազվզում էին ծանոթ և ոչ այնքան ծանոթ մարդիկ։ Մրգավաճառ Հովոն համբուրում էր արծաթե խաչը, հավաքվածները վախեցած նայում էին Պետրոսին ու խաչակնքում, կարծես ստիպված էին նայում, բայց սարսափով լի հայացքները չէին կարողանում կտրել նրանից. դա ատոմային ռումբի պայթյունից հետո բարձրացող սնկին նայելու հայացք էր։ Իսկ Պետրոսը ժպտում էր մի մանկական ժպիտով, որպիսին երբևէ չէր ունեցել, անգամ փոքր ժամանակ։


Իսկ մինչ այդ պահը Պետրոսի հայացքը նույնն էր ու անհետաքրքիր բոլորի համար, նույնն էր Երրորդ մասի հրապարակում, նույնն էր զինկոմիսարիատի դիմաց, նույնն էր հիվանդանոցում՝ հերթի մեջ կանգնած, վերջին տարվա ընթացքում միայն ավելացել էր ցավի դրոշմը։ Հոգնածություն կար նրա հայացքի մեջ և անասնական վախ, ուրիշ ոչինչ։ Դեպքից մոտ մեկ ամիս հետո գլխացավից դեմքի ծամածռությունները ավելի հաճախակի դարձան, ու Պետրոսը հասկացավ, որ այնքան էլ էժան չի պրծել, ինչքան կարող էր թվալ։


Համարյա մեկ տարի առաջ, երբ գլուխը, ինչքան ուժ ուներ, խփեց պատին, անգամ ծիծաղը եկավ։ Ձեռքը կամ ոտքը ջարդել վախեցել էր. բա ո՞վ պիտի աշխատեր, հո՜, հորովել, ո՞վ պիտի բերեր ձուկը ու դներ կենտրոնում Երրորդ մասի հրապարակի, հորի՜ լորի, լորի։ Ո՞վ պիտի խաբեր ընկերոջը ծովագյուղացի ու գինը գցեր, հորովե՜լ։ Ո՞վ պիտի մի կերպ լեզվով ֆռռացներ, հորիներ ու մի քիչ էլ ձգեր, երբ Բդոն վրա տար, թե բա․

- Ե՞րբ պիտի տեղի փողը տաս, արա՜,- հո՜վ արա, ակո՜ս արա,- արա՛, ա՛յ,- եզո՜ ջան։

- Կբերեմ, վաղը կտամ, շնից ծնված լինեմ, ընգե՛ր,- ախպե՜ր ջան։


Այս հրապարակում, որտեղ շոգը անտանելի էր, իսկ ցուրտը՝ անսպասելի այդ շոգերից հետո, ուստի և չափազանց ցավոտ, տարիներն անցել էին արագ ու ձիերի պես վարգով ու չնկատելու էին տվել Պետրոսին, անցել էին Պետրոսի վրայով վայրի արագությամբ ու անգթությամբ։ Ամառները նվիրել էին մաշկի գույն, որակ, ավելի ճիշտ կլինի ասել՝ անորակություն, իսկ ձմեռները սև ֆիլտրով «Ախթամար»-ի հետ Պետրոսին ընկերաբար նվիրել էին ձայնի խզվածություն և արագ բորբոքվող բրոնխներ ու թոքեր։ Բայց ոտքերն ու ձեռքերը պինդ էին․ փոքրամարմին տղամարդը արագաշարժ էր գործի մեջ։

***


Ու փաստորեն միակ անպետք բանը նա համարել էր գլուխը ու կարծես թե այնքան էլ չէր սխալվել։ Գլխից միայն խնդիրներ են, միայն ցավեր, մտքեր, որ չեն թողնում քնել, ու երբ թվում էր, որ գնալով ամեն ինչ արդեն պիտի անցյալ դառնար, անցած-գնացած բան, գլխացավերը ու անքնությունը անտանելի դարձան։ Պետրոսը հարցուփորձով գտավ լավագույն բժիշկներից մեկին, որը նրա գլուխը նկարեց ու առանց երկար նայելու ասաց՝ ուղեղի ցնցում և հեմատոմա։ Թղթի վրա գրեց մի շարք անծանոթ բառեր ու մի ուրիշ թղթի վրա ավելի մեծ շարք թանկարժեք դեղեր։ Իսկ երբ արդեն Կինո Հայրենիքի հայտնի դեղատանը Պետրոսը իմացավ հարյուր հիսուն հազարի մասին, նրա ծիծաղը ընդհանրապես չէր գալիս, բայց ցավերը անտանելի էին, ու ստիպված դեղերի՝ մի քանի օրվա չափաբաժինը գնեց այն հույսով, որ գուցե շուտ ազդեն, ու շարունակության կարիք չլինի։ Բայց հարվածի տեղը, որը ճակատի ամենամեջտեղում էր, ավելի ու ավելի էր ուռչում, ցավերը անհավանական էին դառնում, իսկ ուռած մասի գույնը կարմրավունից փոխվում էր կապույտի, հետո՝ որդնած դեղինի ու այսպես շարունակ։


Առևտրի վրա այս ամենը շատ լավ էր ազդել։ Սկզբում Պետրոսը չէր հասկանում, թե ինչու, բայց հետո երկուսին երկու էր գումարել, երբ առավոտյան ամեն օրվա պես հագել էր զինվորական շորերը ու նայել իրեն հայելու մեջ։ Կապելով գլուխը՝ նա հասկացել էր մարդկանց կարեկցող հայացքները ու իրենից առևտուր անելու հիմնական շարժառիթը։ Մի պահ նեղվել էր, անգամ շորերը հանելու փորձ էր արել, բայց արագ համակերպվել էր իրավիճակին․ ի վերջո ու՞մ է վատություն անում, ինքը շատ փող է աշխատում, լավ է իր համար, մարդկանց թվում է՝ կռված մարդուց են ձուկ առնում, ձուկը ավելի համեղ է դառնում, մարդիկ՝ ավելի հանգիստ։ Պարզ հաշվարկ է ու ճիշտ հաշվարկ է։ Եվ ուրեմն երկուսին երկու՝ չորս, ավելորդ փիլիսոփայելը իր բանը չէ, չէր ու չի էլ լինի։ Իրենը բանելն է, ուտելն ու խմելը, դատարկաբանելն է ու քննադատելը ուրիշներին։ Եվ հետո նա միշտ էլ զինվորական տաբատով է եղել։ Այս հավասարման մեջ միայն մի խանգարող բաղադրիչ կա՝ միրգ-բանջարեղենի խանութի Հովոն, որը մնում-մնում սկսում է նեղացնել մեր՝ փաստորեն արդեն վետերան Պետրոսին։

- Պետո՛, որտե՞ղ կռվար, Պետո՛, Ասկերա՞ն, Ջաբրայի՞լ, որտե՞ղ, ախպե՛ր։ Պետո՛, ճի՞շտ ա, որ Հադրութը դու ես տվել, ճի՞շտ ա, որ Շուշին դու ես տվել, ճի՞շտ ա, որ Մարտակերտը դու ես պահել, ու հիմա Մոնթեի նկարները սաղ հանել են, քո նկարն են կախում տներում։ Էդ ճակատդ Բայրաքթա՞ր ա մտել, թե՞ գրադի սնարյա՞դ։ Վա՜յ Պետո, Պետո, ես քու տիրոջ մերը, Պետո՛։ Բա հետո՞, քեռի՛ Պետո։

Այս մղձավանջից միակ փրկությունը Պողոսն էր՝ միրգ-բանջարեղենի խանութի տերը, որի հայտնվելուն պես Հովոն արագ լրջանում էր ու գնում իր գործին, իսկ ահա Պետրոսի լեզուն բացվում էր․ չէ՞ որ ինքը տեր չուներ, անտեր էր։

***


Հովոն ամենաշատը Պետրոսի հետ էր շփվում օրվա ընթացքում՝ կնոջից շատ, այնքան սիրելի ու գովերգվող ընկերներից շատ, Պետրոսն էլ՝ Հովոյի։ Այդպես իրարից զզվելով՝ փաստորեն ընկերություն էին անում, ընկերության մեջ հեգնանք կար, հեգնանքի մեջ՝ ընկերություն։ Մինչ այս դեպքերը, մինչ պատերազմը հաճախ էին իրար հետ հաշիշ ծխում ու ծխած ժամանակ շատ էին անիմաստ ծիծաղում անցնող-դառնողների վրա, բայց խմելը լավ բաների չէր բերում, միշտ վերջում իրար տալիս էին հիմնականում քաղաքական թեմաներով։


2018-ի դեպքերից հետո Պետրոսը մինչև ուղնուծուծը քաղաքականացվեց, անգամ հատուկ ֆեյսբուքների համար նոր հեռախոս գնեց։ Վարչապետ ասելով՝ ման էր գալիս, նայում բոլոր վերլուծական հաղորդումները, իսկ Հովոն, որը կարծես թե ավելի գործուն մասնակցություն էր ունեցել ցույցերին, շուտ էլ հիասթափվել էր ու կեսկատակ-կեսլուրջ օրը մի քանի անգամ հայհոյում էր Պետրոսի կուռքին, գնալով ավելի շատ կեսլուրջ, քան կեսկատակ, պատերազմից հետո՝ լրիվ լուրջ։ Պետրոսի նյարդերը տեղի էին տալիս, մանավանդ երբ խմած էր լինում․ ծխած ժամանակ բանը քաղաքականությանը ընդհանրապես չէր հասնում, բավարարվում էին անցնողներով, իրենց հարևան առևտրականներով ու իրարով։


- Ու՞մ ընտրիր բա, Պետո՛,- հեռվից գոռաց Հովոն։

Պետրոսն անշտապ մոտեցավ այնքան, որ շշուկը լսելի լինի, ու ասաց․

- Ինձ լավ քրֆելով՝ գնացել, Փաշինյան եմ ընտրել։


***


Ուռածությունը ճակատի մեջտեղում ոչ միայն չէր անցնում, այլև ավելի էր մեծանում ու սարսափելի տեսք ստանում, ու Պետրոսն արդեն չգիտեր ինչ անել, երբ հարյուր հիսուն հազարի դեղերն էլ վերջացան։ Գիշերը պառկելիս գլխացավը ուժեղանում էր, համարյա չէր քնում, միայն լուսադեմին մի քանի ժամ, բայց վայ այդ մի քանի ժամը։ Այդ ժամերին ցավը ոչ թե դադարում էր, այլ խառնվում էր թմրությանը, որը առաջանում էր հոգնածությունից, տարբեր քնաբեր ու հոգեմետ դեղերից ու ալկոհոլից։ Այդ մի քանի ժամերին նա երազում վերադառնում էր Քանաքեռի զորամաս, որտեղ իրենց պիտի մի քիչ նախապատրաստեին մինչև Արցախ ուղարկելը։ Այդ զորամասի զուգարանում էր ինքը կանգնած, երբ հանկարծ կարծես ոչ մի տեղից եկավ ու գլխի մեջ հայտնվեց այդ տարօրինակ միտքը, որը այդպես էլ չկարողացավ հասկանալ, բայց հրամանի նման վազեց ու մտքի ծագման հենց կենտրոնով՝ ճակատի մեջտեղով, հարվածեց պատին․ կարծես ինչ-որ մագնիս ձգում էր նրան։ Հետո՝ ևս մի քանի անգամ, ու որտեղով էլ ուզում էր խփել, էլի նույն տեղով էր ստացվում։ Մթության մեջ այս ու այն կողմ էր նայում, հետո սկսեց անկանոն շարժվել․ այդ անկանոնության մեջ խելագարության նշաններ կային։ Սպասումից Պետրոսը կամաց-կամաց կորցնում էր ինքնատիրապետումը և հանկարծ, ինչքան ուժ ուներ ոտքերի մեջ, հավաքեց ու ուղիղ վազեց դեպի դիմացի դուռը և ճակատով խփեց ապակուն։ Մի քանի վայրկյան ցավ չէր զգում, միայն կայծեր էին աչքերի դիմաց, անտանելի գլխապտույտ էր, հետո ցավը միանգամից առաջացավ, ու գետնին նստած Պետրոսը տեսավ ճակատից թափվող արյունը ու միանգամից փսխեց։


***


- Հա՛, հա՛, չի ցավում, ախպե՛ր, չի ցավում։

Պետրոսը ուշքի գալով բարձրացրեց ձեռքը, որպեսզի հասկանա, թե ուր է կորել ցավը․ կարծես փորձում էր բռնել այն, որ հեռու չփախչի, որ ինքը ահա հասկանա, թե մեկ տարի շարունակ այդ ինչն էր իրեն դաժանորեն տանջում, ծնկաչոք անում, չէր թողնում քնել։ Նա ձեռքը զգուշորեն մոտեցրեց ճակատին, ու մատները քսվեցին ինչ-որ լպրծուն բանի, բերեց աչքերի մոտ, ուշադիր նայեց՝ կարմիր չէ, արյուն չէ, մատները մոտեցրեց քթին, հոտոտեց՝ արյուն չէ, արդեն տանում էր բերանը, որ համը հասկանա, բայց նրան կանգնեցրեց Հովոյի գոռոցը․

- Արա՛, էսի սատանա ա, հո՛րս արև։

Իսկ Պետրոսը չէր կարողանում ոչ մի կերպ թաքցնել հանգստության հետ եկած ժպիտը, ու նրա դեղնած-սևացած հինգ-վեց ատամները կարծես ավելի վախեցրին հավաքվածներին։

Ինքնախեղումը նոր բան չէր բանակի համար, այն էլ՝ այսպիսի պահին, բայց շատ ավելի խելամիտ տարբերակներ կային, ու ռազմականի ջահել տղերքը կասկածով էին նայում այս գործին։

- Թե ասա ոտիդ կրակեիր էլի, բլյա՛դ,- լսել էր Պետրոսը հարցաքննության սենյակ մտնելուց առաջ։


***


Պետրոսը իր նեխած ձկներով այս շուկայում հայտնվել էր 80-ականների վերջ՝ երիտասարդ ու վառվող աչքերով։ Աչքերի լույսը աստիճանաբար խամրել էր՝ վերջում ընդհանրապես պղտորվելով ու զզվանքի և վախի զգացողություն առաջացնող հայացք տալով նրա՝ տարիների երրորդմասյան արևից սևացող դեմքին։ Ու 2020-ի սեպտեմբերին էլ Երրորդ մասի հրապարակի փողոցում կանգնած էր նա՝ հոտած ձկները, ինչպես միշտ, դիմացը, ճանճերն ու մոծակները վրան։ Ու նրա մոտով անցնելիս միշտ կարելի էր լսել նրա խռպոտ ձայնը․

- Էրեխեքիս արև, ես եմ էրեկ Սևանից բռնել բերել։

Մի տեսակ դժվար էր խոսում Պետրոսը՝ կարծես ամեն բառը մի կերպ բերանից դուրս շպրտելով։ Հարբեցողությունի՞ց էր, թե՞ ուրիշ ինչ-որ բանից՝ անգամ ինքը չգիտեր, բայց նրա խոսքի մեջ միշտ ծաղրի տոնայնություն էր նկատվում իրենից անկախ։

Պետրոսը երբևէ ո՛չ ձուկ էր բռնել, ո՛չ էլ առավել ևս երեխա ուներ։ Եվ ընդհանրապես երբևէ ոչ մի կին նրան ինքնակամ չէր տրվել, առանց փողի չէր կպել նրա անընդհատ պլոկվող յուղոտ սև մաշկին, որը նմանվում էր օձի կիսամեռ կաշվի փոխելուց մի քանի րոպե առաջ կամ ձկան թեփուկների։ Իսկ հոտը, ձկան այդ չանցնող զզվելի հոտը, որին ինքը սովորել էր, բայց ուրիշ ոչ ոք չէր կարող սովորած լինել։


***


2020-ի սեպտեմբերը տարբերվում էր մյուս սեպտեմբերներից նրանով, որ դիմացի մայթի դպրոցը անցել էր հեռավար ուսուցման, մեծ խցանումներ չէին լինում, ու փողոցի վրա դրված Պետրոսի ձկները, 2000-ականներից սկսած, այսքան մաքուր ու համեղ չէին եղել։ Առևտուրը ընթանում էր դանդաղ, բայց ոչինչ, ինչպես և Պետրոսի կյանքը՝ մոտ հիսուն տարի։ Այդ մեկը ինքն էլ լավ չէր հիշում, երբ հանկարծ սկսվեց պատերազմը, որին Պետրոսի հարևան վաճառականները այնքան էլ չէին սպասում, բայց Պետրոսը կարծես գործողությունների պլան ուներ։ Ու լարած մեխանիզմի նման սեպտեմբերի 28-ին արդեն նրա ձկների արկղի կողքին դրված էր ավելի խորը մի արկղ, որի վրա գրված էր «Զինվորի համար»։ Այս փութաջանությունը տարօրինակ էր, Պետրոսը կարծես կյանքի իմաստ էր գտել, կարծես ապրում էր պատերազմով, ու կողքից նայող մարդիկ տարակուսանքով նկատում էին Պետրոսի կենսախնդությունը, ու իրենք էլ կարծես վարակվում էին։ Եվ ուրեմն առավոտ շուտ ինքը մտել էր դիմացի հանրախանութը ու գնել երկու բլոկ սիգարետ, դրել արկղի մեջ օրինակ ծառայելու համար։ Օրինակը լավ էր աշխատել, ու արդեն երեկոյան՝ արկղը չորրոդ անգամ իր դեղնավուն Մոսկվիչը դատարկելուց հետո, Պետրոսի տրամադրությունը այնքան էր բարձրացել, որ վատ դինամիկով դրված հայրենասիրական երգերին փոխարինելու էին եկել անտեղի սիրային երգերը 80-ականներից ու 90-ականներից։ Տուն քշելիս Պետրոսի սիգարետը՝ սև ֆիլտրով «Ախթամար»-ը, վերջացել էր, ու նա մեխանիկորեն բացել էր զինվորի համար նախատեսված կարմիր «Մարլբորո»-ն։ Դե լավ, վաղը կառներ, կդներ տեղը, կամ էլ այդքան ինքն իրենով հավաքել էր, մի տուփն էլ կարող էր ինքը ծխել։ Կարմիր «Մարլբորո»-ն՝ 90-ականների իր երազանքը՝ հաջող օրերին ինքն իրեն արած նվերը, հատկապես մոր մահից հետո, երբ հալվա այլևս չէր գնում, միակ ուրախացնող բանն էր։ Եվ ահա նա անհագ ծխում էր մեքենայի ղեկին, անգամ ժպիտ էր առաջանում նրա դեմքին, բայց նա արագ հեռացնում էր․ կարծես ինչ-որ թաքուն ոստիկանություն հետևում էր, որ ոչ ոք չժպտար այս՝ ազգի համար փաստորեն ողբերգական պահին։

Հիմա դժվար է ասել, թե հատկապես ինչու, բայց Պետրոսը գնացել ու կամավոր էր գրվել պատերազմի երկրորդ օրը՝ երևի թաքուն ունենալով այն հույսը, որ դժվար էլ իր հերթը գա։ Զինկոմիսարիատից ասել էին՝ կզանգեն։ Ինքն էլ հպարտ-հպարտ քշել էր շուկայի կողմը, բացել ու դրել էր երեք արկղ ձուկն ու մեկ դատարկ արկղը՝ «Զինվորի համար»։

- Էդ էրեկվա հավաքածը բա ի՞նչ արիր, Պետո՛,- հետևից վախեցնելով՝ ասել էր մրգավաճառ Հովոն։

- Էսօր տանելու եմ տամ, արա՛, ի՞նչ ես քեզ ձև բռնել, էսօր իրիգունը կտանենք իրար հետ, եթե տեղ գիտես հավաքելու, որովհետև վաղը ի՞նչ գիտենք՝ ինչ կլինի, կամավոր եմ գրվել, կարող ա զանգում են, էթում եմ,- իբր իմիջիայլոց ավելացրել էր վերջին միտքը։

Հովոն անակնկալի եկած լռել էր ու սիգարետ վառել, անգամ մի պահ ափսոսանք էր նկատվել նրա հայացքի մեջ․ վերջիվերջո ո՞վ կմտածեր, որ այս փնթի ձկնավաճառը, որին ամեն օր ինքը վիրավորում էր, ու որը երբևէ ոչ մի դրական բանով աչքի չէր ընկել, իրոք հայրենիքի համար պատրաստ էր գնալու ու կռվելու, իր ծանոթը՝ մեծախոս ու մեծաբերան Պետրոսը։ Ու այս անգամ, երբ եկել էր բանջարեղենի խանութի տեր Պողոսը, Հովոն անգամ մի պահ ուրախացել էր, որ դուրս կգա այդ անհարմար վիճակից։

- Մալադե՛ց, ու՛ստ,- վերջում ասել էր Հովոն ու անգամ ժպտացել էր անկեղծ։

- Բա հո ձեր թայը չե՞նք, ապե՛ր, էթանք, մեր 18 տարեկան էրեխեքին հետ ղրգենք, էսի իրանց կռիվը չի,- հպարտորեն շպրտել էր Պետրոսը։

Ու հիմա՝ այս ամենից հետո, Հովոն հատուկ դաժանությամբ էր տանջում Պետրոսին՝ կարծես վրեժ լուծելով իր շփոթության ու անհարմար իրավիճակում հայտնվելու համար։

Այդ նույն օրը նույն հնարքը Պետրոսը կիրառել էր նաև Բդոյի վրա, երբ վերջինս եկել էր երեկվա շնից ծնվածից փողերը վերցնելու համար։

- Գնամ-գամ, ապե՛ր, դակապեկ տալու եմ, չմտածես, Բդո՛ ախպեր։

Իսկ երբ երեկոյան Հովոյի հետ գնացել էին ապրանքի հավաքակայաններից մեկը, ու Պետրոսն ընդամենը մեկ տուփ կարմիր էր դրել իր գրպանը, Հովոն իր կյանքում առաջին անգամ ակնածանքով էր նայել Պետրոսին, ու Պետրոսն էլ համարյա հուզվել էր։ Այդ հուզմունքից արդեն մենակ տուն գնալիս Պետրոսը մտել էր խանութ ու գնել ռուսական օղի։


***


Տունը, որը Շենգավիթում հանրակացարանի մի անշուք սենյակ էր, նրան սպասում էր դատարկ։ Իսկ տանը նրան սպասում էր զանգը, հեռախոսի զանգը։ Վաղուց չլսված մի բան, և անհնար էր չպատասխանել այդ զանգին, զանգը ավետո՞ւմ էր, թե՞ գուժում՝ երկրորդական հարց էր, զանգը ինքնին մի հրաշք էր այս տան մեջ։ Զանգում էին զինկոմիսարիատից, հրավիրում էին, հրամայում էին, կանչում էին, վա՛ղը, հենց վաղը և ոչ անգամ վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, ինչպես Վազգենի մարտակոչում էր ասվում։ Վաղը՝ առավոտյան ժամը ութին, մահապարտներով՝ ուս ուսի տված, առյուծի նման։ Սկզբում անբնականությունից կարծես ֆիլմում լիներ, ու ինչպես ֆիլմում էր հեշտ կռիվ գնալը, հենց այդպես էլ հեշտ էր դա թվում Պետրոսին առաջին մի քանի ժամերին։ Բայց ֆիլմը այդքան երկար չի տևում․ երեք-չորս ժամ հետո, երբ արդեն մութը լրիվ ընկավ, ու սենյակի միակ լամպի լույսը տխրություն կախեց հին հեռուստացույցի, սովետական կահույքի վրա, մի շող էլ կաթեցրեց ուղիղ Պետրոսի գլխին։ Առաջին կասկածը սողոսկեց նրա հոգին, ու այդ կասկածին հաջորդեց մի անտանելի ցնցում, որը միայն հնարավոր եղավ հանգստացնել այդ օրը գնած օղու երեք բաժակով։ Պետրոսը վերցրեց տան հեռախոսը ու ամբողջ ուժով շպրտեց։ Հեռախոսը մի քանի մասի բաժանվեց, բայց ձայնը դեռ լսվում էր։ Պետրոսը դժվարությամբ կանգնեց ու ոտքի մի քանի հարվածով փորձեց կտրել դրա ձայնը, բայց տու-տու-ն կտրվելու միտք չուներ։ Պետրոսը հերթական փորձից հետո ընկավ գետնին ու ծիծաղեց ինքն իր վրա։

Առավոտյան նույն ձայնից էլ արթնացավ։ Նրա արթնության մեջ համակերպում կար այդ ձայնի հետ, իր բախտի հետ, պատերազմ գնալու հետ ու հատկապես պատերազմից հետ չգալու հետ։ Գետնին քնելու պատճառով ամբողջ մարմինը ցավում էր։ «Մոսկվիչ»-ը առաջին անգամից գործի գցեց, քշեց ամենօրյա ճանապարհով, մտքերով ընկած մոռացավ մտնել զինկոմիսարիատի փողոց, դրա մասին հիշեց, երբ մեքենայից հանում էր արկղերը ու նկատել էր թուղթը՝ վրան գրված «Զինվորի համար»։ Երեկվա ձկներից համարյա բան չէր մնացել, այսօր էլ նորերը Հակոբը չէր բերելու։ Արկղերը մեքենայից հանելու արդեն անիմաստ դարձած գործողությունը ամեն դեպքում ավարտեց ու վառեց կարմիր «Մարլբորո»-ն, երբ հեռվից նրա կողմ սկսեց քայլել մրգավաճառ Հովոն։

- Հը՞ն, ախպե՛ր, ի՞նչ կա,- հարցրեց Հովոն։

- Կանչել են, ախպե՛ր, հեսա գնում եմ։

- Օգնելու բան կա՞։

- Էս ձկները ափսոս են, մի բան արեք։

- Կուզե՞ս հետդ գամ,- անկեղծ հարցրեց Հովոն։

- Չէ, նորմալ ա, բռա՛տ ջան, - զարմացավ ու զարմանքից մերժեց Պետրոսը, չնայած երևի կուզեր։

Զինկոմիսարիատի դիմաց կանգնած էին մի քանի հարյուր մարդ, հիմնականում ճանապարհողներ էին, մի քանիսի դեմքին դիմակ կար, որը մի քանի ժամվա ընթացքում միանգամից այնքան անցյալում թվացող մի բան էր դարձել, որ դիմակ դնողներն էլ հասկանալով արագ հանում էին դրանք։ Իրոք, անհարմար էր քովիդի դեմ պայքարելը, երբ թուրքն էր վրա տվել՝ հայ ազգի հազարամյա քովիդն էլ, ժանտախտն էլ։ Ամեն ինչ շատ դանդաղ էր ընթանում, և Պետրոսի հոգին մի փոքր հանգստացավ, հետո կար նաև կարմիր ֆիլտրով սիգարետը, որը ամեն դեպքում, ինչքան էլ թաքցներ, ուրախություն էր բերում իրեն։ Երկու անգամ կողքի շաուրմայանոցից շաուրմա գնելուց հետո վերջապես լսեց իր անուն-ազգանունը։ Նրան մյուսների պես համբուրող ու արցունքոտ աչքերով ճանապարհող չկար, ինչը հավաքվածների աչքերում ավելի մեծ ակնածանք առաջացրեց․ երևի թե ոչ մի բարեկամի չի ասել, մենակ վեր է կացել ու եկել, իսկական հայ տղամարդ, իսկական մարտիկ։ Պետրոսը հասկանում էր այս ամենը ու հաճույքով խաղում այդ դերը։

- Չմտածեք, ժողովո՛ւրդ ջան, 94-ին փախել են ինձնից, հիմա էլ կփախնեն,- ինքն էլ զարմացավ, թե ինչպես իր համար ֆիդայու անցյալ հորինեց։ Ավտոբուսի մեջ էլ ամեն ինչ նորմալ էր, երգում էին բոլորը․

- Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր, Արցախն է ձեզ կանչում, օգնությա՛ն հասեք։

Պետրոսը ոգևորված էր։ Հիմա այդ երգը հաճախ է գալիս մտքին, ու հենց այդ երգի մեղեդին շվացնում է կամ քթի տակ մռթմռթում է մի քանի բառ, ճակատի ցավը ուժեղանում է, ու անսահման տխրություն է զգում։ Բայց ավտոբուսի մեջ ու անգամ Քանաքեռի զորամասում ամեն ինչ այնքա՜ն ոգեղեն էր, եղբայրության ոգին էր թևածում բոլորի մեջ։ Առաջին անհանգստության ցնցումը եղավ զենքը տեսնելիս։ Կրակայինի համար արդեն ուշ էր, զենքերն էլ, պարզվեց, իրենց համար նախատեսված չէին, այսինքն՝ դրանցով չէին գնալու առաջնագիծ, այլ միայն այստեղ կրակելու էին վերհիշելու համար։ Իսկ ի՞նչ պիտի վերհիշեր Պետրոսը, իր խառը ծառայությո՞ւնը, որը հիմնականում անցել էր ծեծուջարդով և միայն մի քանի անգամ զենքի հետ առնչվելու փորձերով։ Քանաքեռում անցկացրած ինը օրերը թեթև էին անցել՝ առանց ֆիդայու կերպարի քանդման։ Պետրոսը կրակում էր, վատ էլ չէր ստացվում, թեև ձեռքերի դողը կար, բայց զենքը լավն էր, նորմալ ուղղված փողով, ու ձայնը նրա դուրը գալիս էր։ Ուտելիքը տեղն էր, ծխելիքն էլ, տղերքը անգամ պլան էին անցկացրել ու հոպարին հյուրասիրել։ Հոպարը ծխելուց հետո ահագին թուլացել էր ու համարյա թե մատնել ինքն իրեն Քանաքեռի զորամասում լինելու իններորդ օրը։ Բայց հաջորդ առավոտյան, երբ կասկածամիտները եկել էին հարցուփորձը շարունակելու, եկել էր նաև լուրը, որ այդ գիշեր պիտի գնան արդեն։ Այդ անախորժ վիճակից Պետրոսն ինքն իր մեջ էր փակվել ու ընդհանրապես չէր խոսում, իսկ կասկածողների հավեսն էլ փախել էր։

Երբ պառկել էին մի քանի ժամ հանգստանալու, Պետրոսը վատ երազ էր տեսել։ Իբր ինքը ձուկ է որսում Սևանում, և մեծ մեկաչքանի ձուկը թռչում է ու հարվածում նրա ճակատին, այդպես մի քանի անգամ, երբ վերջնական վեր էր թռել քնից, գնացել զուգարան, այնպիսի տարօրինակ զգացում էր ունեցել, որ դեռ քնած է, ու այս ամենը ընդամենը երազ է։ Բայց հայելու մեջ իր դեմքը տեսնելուց հետո հասկացել էր, որ ամեն ինչ իրական է, ու հենց այդ գիտակցումից հետո միանգամից վատ երազն ու ավելի վատ իրականությունը խփել էին գլխին, ինքն էլ սկսել էր ահավոր դողալ։ Իսկ հետո, հետո տեղի էր ունեցել այն, ինչը ինքն իրեն չէր կարողանում բացատրել, էլ ո՞ւր մնաց՝ զինվորական ոստիկանությանը կարողանար բացատրել։ Նրան ամեն դեպքում բաց էին թողել և երկիմաստորեն խորհուրդ էին տվել գլուխը նկարել, Պետրոսի ժամանակը չունեին, կռվի դաշտում վիճակը շատ խառն էր։ Պետրոսը կապած գլխով եկել էր տուն, զինվորական շորերն էլ չէր հանձնել, ու ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ նրան կարեկցանքով էին նայել ու իրենք իրենց հայհոյել, որ հիմա կռվի դաշտում չէին, իսկ Պետրոսը կշտամբանքով էր նայել նրանց բոլորի ուղղությամբ ու ֆշշացրել։


***


Երկու օր աշխատանքի չգնաց, վախենում էր։ Գլխացավը թեթևանում էր, և Պետրոսին մի պահ թվում էր, որ կանցնի-կգնա լրիվ, և ինքը էժան է պրծել, շատ էժան, հատկապես երբ կարդում էր լուրերը ու տեսնում կռվի դաշտից կադրեր։ Երրորդ օրը, երբ զանգեց ծովագյուղցի ընկերը, որոշեց գնալ շուկա, նոր վիրակապով կապեց գլուխը, հագավ զինվորական շորերը ու նստեց մեքենան։ Հովոն հեռվից նկատեց նրան, Պետրոսը հատուկ ծանրացրեց քայլքը ու բռնեց գլուխը։

- Վա՜յ, Պետո՛ ջան, էս ի՞նչ ա եղել, արի՛, նստի՛, ախպե՛ր, հլը պատմի,- Հովոն աթոռ հանեց բանջարեղենի խանութից։

- Ի՞նչ պատմեմ, ախպե՛ր, սենց էլի, տենում ես։ Ասկոլկա ա մտել, բայց լավ եմ պրծել։

- Բա ո՞նց էր վիճակը, ախպե՛ր, կրու՞մ ենք, կրվու՞մ ենք։

- Ապե՛, շատ են համբալները, բայց տղերքը մաղում են։

- Մալադե՛ց, ախպե՛ր, հալալ ա քեզ։

Պետրոսը Հովոյի ձայնի մեջ ինչ-որ հեգնանք զգաց ու բարձրացրեց հայացքը։ Հենց այդ պահին Հովոն, ինչքան ուժ ուներ, խփեց Պետրոսի վիրակապած ճակատին։

- Ի՞նչ ես անում, արա՛։

- Ա՛յ ես քո՛ւ լավը, էդ քեզ հերոսի տե՞ղ ես դրել, ա՛յ չաթլախ, գիտես չգիտե՞նք արկածներիդ մասին։ Ես էլ գիտեմ՝ դուխով տղա ես, հայրենասեր, ա՛յ բոսյակ, արա՛, ա՛յ բոմժ:

Ոտքով մի քանի անգամ էլ խփեց գլխի ցավից գետնի վրա գալարվող Պետրոսին, կողքի խանութներից հավաքվածները բաժանեցին։

- Արա՛, քեզ պե՞տք ա, ա՛յ ախպեր, էս համբալի պատճառով մեղքի տակ ես ընկնում, թող թողնի, սիկտիրը քաշի ստուց։

Հովոյին տարան մի կողմ։ Տասը րոպե հետո Պետրոսը ոտքի կանգնեց, նստեց մեքենան ու քշեց տան կողմ։ Հաջորդ օրը նորից եկավ, Բդոյի փողը տվեց ու խնդրեց տեղը փոխել, Բդոն փողը վերցրեց, հաշվեց, դրեց գրպանը ու զզվանքով ասաց․

- Քո նման բոզերի համար տեղ չկա, արա՛։

- Ախպե՛ր, բայց։

- Ձե՛նդ կտրի, արա՛, ամոթ ա, մեծ մարդ ես։ Դավայ, էլ չտենամ ստեղ։

Պետրոսը սկսեց առևտուր անել մի փոքր հեռվում։ Պատերազմից հետո միայն կրքերը հանդարտվեցին, ու նրան նորից իր հին տեղը տվեցին։ Այդ ընթացքում Պետրոսի ճակատի ցավերը ուժեղացել էին, ու նա ընդամենը մի քանի ժամ էր կարողանում կանգնած մնալ։ Հովոյի մեղքն էլ էր եկել, ու նա անձայն բերել, մի աթոռ էր դրել նրա տեղում։

- Էդ ֆորմեն հան արա, ամոթ ա, էդ մեռած էրեխեքից ամաչի, բլյա՛դ։

- Էդ ի՞նչ ես ինձնից ավել արել որ, արա՛, հիմա էլ կանգնել խոսում ես,- առաջին անգամ այդ դեպքերից հետո հակաճառել էր Հովոյին Պետրոսը։

- Ես գոնե ինչ կամ, կամ, հավայի չեմ փրթում, ա՛յ հայվան։ Ի՛նչ ուզում ես, արա, ա՛յ պիղծ, զզվում էլ եմ հետդ խոսամ, արա՛։

Ցրտերը մոտենում էին, Պետրոսի գլխացավերը ուժեղանում, պատերազմը հեռանում էր արդեն համարյա մեկ տարով ու մնում անցյալում, այնպես որ մարդիկ էլ անտարբեր էին, ու առևտուրը քչանում էր։ Պետրոսի դեմքից կորել էին իրեն հատուկ բոլոր հայացքները։ Նա ո՛չ չարախնդում էր, ո՛չ լակոտանում, ո՛չ էլ վախեցող ու վախեցնող դեմք անում, նրա դեմքին կարծես հավերժ դրոշմվել էր անտանելի ցավի զգացումը։ Նա անտարբեր էր դարձել, քչախոս։ Այդ քչախոսության մեջ իմաստնություն չկար, խեղճություն կար, Հովոյի կսմիթներն էլ մի քանի անգամ անպատասխան մնալուց հետո իմաստը կորցրել էին։

Վերջապես Պետրոսը ոտքի կանգնեց ու քայլեց մեքենայի կողմ։ Բոլորը դիմացից այն կողմ էին գնում վախեցած։ Պետրոսը մոտեցավ «Մոսկվիչ»-ին ու կողքի հայելու մեջ փորձեց տեսնել ճակատը։ Նրա ճակատի ուղիղ մեջտեղում ճպռոտած թարթիչներ էին ու կիսաբաց մի աչք՝ բաց կապույտ բիբով, որից անընդհատ թարախախառը արցունք էր հոսում։


Մաս երկրորդ


Անգամ այս ամենից առաջ Պետրոսի արած քայլերի հիմնական շարժառիթները ոչ ոք չգիտեր, հաճախ թվում էր՝ ինքն էլ չգիտի։

- Սրտիս եմ լսում, ախպե՛ր,- ասում էր Պետրոսը ու աջ ձեռքով սեղմում էր կրծքավանդակի ձախ հատվածը,- ոնց ասեց, տենց էլ անում եմ։

Իսկ այդ դեպքերից հետո, հատկապես երրորդ աչքի բացվելուց հետո նրա քայլերն ու խոսքերը ընդհանրապես դուրս մնացին ցանկացած տրամաբանությունից, բարու և չարի մասին հասարակ մարդկանց պատկերացումներից։ Նրա բառամթերքը լրիվ փոխվեց, ավելացան բարդ ու անհասկանալի բառեր, կարծես նրա բերանով ուրիշ մարդ էր խոսում, բայց դա միայն անծանոթ մարդկանց ներկայությամբ։ Ինքն իր հետ կամ վաղեմի ծանոթների հետ Պետրոսը դառնում էր նույն կիսագրագետ ձկնավաճառը՝ անակնկալի բերելով կողքիններին իր փոխակերպումներով։

Երրորդ աչքը բացվելուց հետո անցել էր մի քանի ամիս, ու շատ մարդիկ էին ձուկ գնելու գալիս հենց Պետրոսի մոտից։ Վախը անցել էր, ու մնացել էին մարդկային սովորական հետաքրքրությունը և գաղտնի հույսը, որ այս տարօրինակ, ուրեմն և գերբնական բանը պիտի որ աստվածային բան լինի։ Ու նրանց երևակայության մեջ Պետրոսը դառնում էր բուժող սուրբ, խորհուրդներով լի մի իմաստուն։ Իսկ Պետրոսը այս առիթով չուներ հստակ պլան, գործում էր ինքնաբերաբար և դեպքի բերումով։ Իր մոտ համարյա թե ուխտի եկած այդ մարդկանց հետ խոսելիս նա սկզբում կատակով, հետո ամենայն լրջությամբ օգտագործում էր ինչ-որ կրոնական և փիլիսոփայական մտքեր, խոսում էր դանդաղ ու խորհրդավոր՝ չմոռանալով ընթացքում մի քանի անգամ փակել աչքերը ու ձեռքով դիպչել վիրակապին, որը փակում էր նրա Երրորդ աչքը։ Նա իբր պատահաբար կարծես քորելիս մի փոքր բացում էր վիրակապը, ու մարդիկ կես վայրկյան, մեկ ակնթարթ տեսնում էին Պետրոսի հրաշքը՝ բաց կապույտ, երկնագույն բիբը, բայց դա էլ հերիք էր, ավելի շուտ հենց դա էլ պետք էր նրանց։ Պետրոսը, մարքեթինգի օրենքները երբեք չուսումնասիրած, բայց ռոքնռոլի աստղի նման ինքնաբուխ տիրապետում էր ճիշտը վաճառվելու արվեստին։ Այս ամենը տևում էր արդեն ամիսներ, ու Պետրոսի մասին իմանում էին նորանոր մարդիկ, հորինում նորանոր միֆեր։ Պետրոսն էլ տեղավորվում էր դրանց մեջ ու կամաց-կամաց ձկնավաճառից վերածվում էր գործող սրբի, իսկ նրանից ձուկ գնելը միակ ձևն էր վարձահատույց լինելու նրա այդ «տառապալից» սեանսների, «բուժող» հպումների, «ճիշտ ճամփի վրա գցող» հայացքի համար։

- Ի՞նչ տանք քեզ, ախպե՛ր ջան, փրկի՛չ ջան։

- Ինձ բան պետք չի, ձուկ գնեք ու խաշեք։ Ուտելուց առաջ կաղոթեք երեք անգամ ու նոր կուտեք, փշերը հանկարծ չգցեք, դրանք կհավաքեք ու կթաղեք ձեր բակի ծիրանենու տակ,- ամեն անգամ նոր գործողություններ ավելացնելով իր հորինած ծիսակարգին՝ Պետրոսն ավելի ու ավելի համոզիչ էր թվում բոլորին ու ինքն իրեն,- ձկով կկերակրեք աղքատներին, կտաք շներին, խաշած վիճակում կթաղեք Արագածի արևելյան գագաթի վրա, - տարբերակները շատ էին, մեկը մյուսից անհեթեթ, բայց հենց դրանով էլ՝ հավատ ներշնչող։

«Դե ո՞վ պիտի այդպիսի բան հորիներ»,- մտածում էին մարդիկ՝ այդպես էլ չհասկանալով, որ այսպիսի բաներ հորինողը իրենց առաջ կանգնած հիսունն անց կիսագրագետ ձկնավաճառն է, որն իր անասելի ձանձրույթը լցնելու համար ավելի ու ավելի է խճճում ճանապարհը փրկության։ Ինքնախաբեությունը ինքնախաբեությամբ, պլացեբոն պլացեբոյով, բայց համարյա բոլոր հավատավորները վերադառնում էին իրենց ընկերների, հարազատների հետ, համբուրում Պետրոսի ձեռքերը, ծնկի գալիս նրա առաջ։



***


Այս ամենին կողքից հետևող Հովոյի ծիծաղը քմծիծաղ էր դառնում, քմծիծաղը՝ ժպիտ, ժպիտն էլ կորչում էր, ու Հովոն ինքն իրենից թաքուն սկսում էր հավատալ մի բանի, բայց և ցույց չէր տալիս։ Իսկ պարտությունից հետո այս դժբախտ ու աղքատ երկրում ձուկը վաճառվում էր հարյուրներով, իսկ «Մոսկվիչ»-ը դարձել էր «Մերսեդես», ո՛չ ամենանորերից, ո՛չ ամենալավերից, բայց «Մոսկվիչ»-ը՝ «Մերսեդես»։ Բդոյի պարտքերը լրիվ մարած, նոր սև կոշիկներով, սև ակնոցով Պետրոսը նստած էր հարմարավետ մի աթոռի վրա, որը իր հավատավորներից մեկն էր սարքել՝ բանգլադեշցի կահույքագործ Հոսոն։ Կողքերը մոմեր ու սրբապատկերներ, կարմիր «Մարլբորո»-ն համարյա միշտ վառած, դրած մոխրամանի մեջ՝ արհեստավորի լրջությամբ ու Շերլոք Հոլմսի խորաթափանց հայացքով լսում էր իր մոտ եկածների պատմությունները, մեկ-մեկ միայն ծուխ քաշում ու երկար քուլաներ թողնում դեպի մոլորյալը, հիվանդը, բորոտը, վախեցածը, հասարակ մարդը։

Ամեն դեպքում առաջին քայլը Հովոն արեց, բայց դա կես քայլ էր, որովհետև մյուս կես քայլը պատրաստ էր անել Պետրոսը, որովհետև կարոտել էին իրար, որովհետև Պետրոսի երջանկությունը ամբողջական չէր առանց Հովոյի հետ կիսվելու, և դա եղավ մի երեքշաբթի օր, հասարակ երեքշաբթի օր, ամառային Երրորդ մասում, որտեղ արևի շողերը համարյա շոշափելի էին, համարյա երևում էին աչքերի առաջ ու օդը վառող այդ ջերմությունը լցնում շնչուղիներ, դրանք կարծես այրվում էին ու հասնում մինչև հոգու խորքը՝ թմրեցնելով մարդու միտքն ու հոգին։ Պետրոսը իրեն մոտեցած քառասունին մոտ գեղեցիկ կնոջով անկեղծորեն տարված էր, ու նրա զզվելի որձական աչքերը, այսինքն՝ երկուսը, որոնցով տեսնում էր, հայացք էին ուզում որսալ, բայց կինը դժբախտ էր ու չուներ և ոչ մի հայացք։ Պետրոսը տենչում էր նրա հայացքը ու դրա համար գնաց աննախադեպ մի քայլի․ նա բացեց ճակատի վիրակապը ու մանկական երկնագույն կույր աչքը մերկացրեց կնոջ համար, կինը վախեցած նայեց աչքին ու չկարողացավ այլևս ոչինչ ասել ու անել։

-Աստված քո հետ, դո՛ւստր իմ,- պահը բռնեց Պետրոսը ու համբուրեց կնոջ՝ զարմանքից սառած ճակատը։

Հովոն չդիմացավ ու փռթկաց, Պետրոսն էլ չդիմացավ ու փռթկաց, կինը վախեցավ ու վազելով փախավ։

- Ա՛յ շոռաչք բիձա։

Հովոն մոտեցավ, քրքջալով սկսեց ցնցվել ու կատակով հարվածել Պետրոսին։

- Արա՛, չդիմացա, շատ լավն էր։ Ո՞վ ըլներ, կդիմանար, ախպե՛ր, հասկացանք՝ սաղ սրբի տեղ են դրել, բայց հո սուրբ չե՞նք, ախպե՛ր, աչք ա, տենում, մի հատ չի է, տո էրկու հատ էլ չի, իրեք հատ։ Մենք էլ ենք մարդ, ուզում ենք, չէ՞։

- Բան չասի, համաձայն եմ, ապե՛, քեզնից ի՞նչ սուրբ, դու նորվա պիղծը չես, բայց դե հիմի էդ ես։

- Բայց դե հիմի էդ եմ, կարո՞ղ ա մի բան ունենաս, ծխենք։

- Հարյուր տարի ա չեմ ծխել հետդ, քե՛լ ներս, լցրած ունեմ։

Բանջարեղենի խանութի ներսի սենյակում ախորժալի հոտը լցվեց թշշոցով։ Կաթուցիչից պատրաստված ինքնաշեն սարքով ամենալավն է ծխվում, հատկապես եթե լավ բան է ու քիչ է, իսկ եթե լավ բան է, ուրեմն քիչ է, այնպես որ տարածված ձև է։ Ամեն մեկը երկու ծուխ քաշեցին, դեռ մի քիչ էլ մնաց, բայց ազդեցությունը անմիջապես վրա տվեց, ու որոշեցին թողնել հետոյի համար։ Ձուկ համարյա չէր մնացել, ինչ էլ մնացել էր, Պետրոսը լցրեց «Մերսեդես»-ի բեռնախցիկը։

- Արա՛, էս գյոզալ մաշնից նույն Մասկվիչի հոտն ա գալիս, գոնե սրա մեջ չլցնեիր էդ հոտած ձուկը։

- Ինձնից լավ տղա չի, թող իրա վրից էլ էդ հոտը գա։

- Վաբշե յանի խի՞ էդ ձուկը սիկտիր չես անում, մեկ ա սենց թե նենց գալիս են, փողն էլ կտան էլի։

- Ախպե՛ր, էս ձկով գիտե՞ս քանի ընտանիք ա Քյավառ ապրում, հո սաղ իմ համար չի։

Չնայած մինչ այդ մտքով չէր անցել, բայց և այնպես Պետրոսը գոհ մնաց իր ակնթարթային պատասխանից, այդ գոհունակության ժպիտը ավելացավ թմրանյութի առաջացրած ժպիտին, և Պետրոսի դեմքը երեխայական ու անհեթեթ դարձավ։ Բեռնախցիկը փակելու ուժ չկար, ու այդպես երկուսով կանգնած մնացին ու սկսեցին վրա-վրա սիգարետ ծխել ու ծիծաղել, այնքան մինչև տուն գնալու ժամանակը գա։ Ու երբ հազիվ ուժերը հավաքած Պետրոսը ձգվեց բեռնախցիկին հասնելու համար, հեռվից նկատեց ցերեկվա կնոջը։ Պետրոսը միանգամից լրջացավ, հատկապես երբ տեսավ, որ նրա կողքից քայլող տղամարդը Բդոն է՝ այս տարածքի տերն ու տիրականը։ Վախից չորացած Պետրոսը, եթե այդպես քարացած չլիներ, կվազեր, բայց արդեն շատ ուշ էր, նրանք համարյա հասնում էին։ Հովոն, իբր ոչինչ չհասկանալով, քայլեց բանջարեղենի խանութի կողմ, որ կողպի դուռը։

- Մե՛ծ ախպեր, ինչո՞վ օգտակար լինեմ,- ամեն դեպքում ուշքի եկավ Պետրոսը։

- Ընգերոջս աղջիկն ա, Պետո՛։

Պետրոսը արդեն ծնկի էր իջնելու, բայց Բդոն բռնեց նրա ձեռքը․

- Չգիտեմ՝ ինչ ա ասում, բայց եթե կարաս օգնի, պատերազմին տղա կորցրած կին ա, դու օգնի, եթե կարաս, ես լավությանդ տակից դուրս կգամ։

- Ինչ կարանամ, կանեմ, թագավո՛ր։

- Դե ես գնամ, մի կես ժամից կգամ, քեզ տուն կտանեմ, Մարիա՛մ ջան, լա՞վ։

Կինը ձայն չհանեց, նրա դեմքի վրա և ոչ մի մկան չշարժվեց։ Նա այնքան վճռական տեսք ուներ, որ Պետրոսն էլ մի պահ կարկամեց ու մնաց իր տեղում կանգնած այնքան, մինչև կինը մի բան չասեր․

- Ինչ-որ փակ տեղ կա՞։

- Հա, հա, հեսա, քո՛ւրս, մի բան կմտածեմ, - Պետրոսն աչքերով այս ու այն կողմ նայեց ու գտավ բանջարեղենի խանութը անշտապ ու իմիջիայլոց փակող Հովոյին, - ապե՛, քել մի՛ փակի, մի հատ մեր Բդոյի ծանոթ աղջկա հետ ներսում խոսամ, հետո կտանեմ ես քեզ տուն։

- Լավ,- նախադասության մեջ կար Բդոյի անունը, այնպես որ լավ, շառից-փորձանքից հեռու լավ։

Պետրոսն ու Մարիամը համարյա վազեցին ու մտան ներս, Պետրոսը ուղղորդեց կնոջը ներսի սենյակ, դուռը կինը հետևից փակեց, ինչով և ավելի վախեցրեց Պետրոսին։

- Իմ տղեն չի մահացել, չէ՞։

Պետրոսը ակնհայտորեն չհասկացավ հարցը, նրա դեմքը հարցական նշանի նմանվեց։

- Մենակ դու կարաս ասես, մենակ քեզ կհավատամ, եթե ասես մահացել ա, ուրեմն մահացել ա։

- Չգիտեմ, - կարճ ու վախեցած ասաց Պետրոսը։

- Նայի, քո երրորդ աչքով նայի, ես գիտեմ, որ դու կարաս նայես ու ասես,- կնոջ խոսքի մեջ տենդագին բան կար, նրան հակաճառելու ցանկություն չէր ունենա ոչ մեկը։

- Հիմա տեսնեմ՝ ինչ կարելի ա անել։

- Դու հիմա մի հատ էդ պիպետկայի մեջինը կծխես ու կբացես երրորդ աչքդ, կփակես մյուս երկուսը ու կտեսնես ամեն ինչ,- հրամայեց Մարիամը։

Պետրոսը կամք չուներ ընդդիմանալու և միանգամից էլ հարյուր տարվա ստրուկի պես անցավ գործի, քաշեց ներս, երկար չպահեց, հանեց աչքի վիրակապը, նստեց կնոջ դիմաց դրված միակ աթոռին, փակեց աչքերը, բռնեց կնոջ ձեռքը ու չհասկանալով էլ՝ ինչ պիտի խոսի՝ սկսեց խոսել․

- Հադրութում, Քարինտակում ու Շուշիի մատույցներում Քրիստը ողջ էր ու կռվում էր, բայց ամենավերջում հենց Կարմիր Շուկայի մոտ Գռադի արկը տրաքեց հենց նրանից կես մետր հեռավորության վրա՝ մասնատելով մարմինը։

- Ու՞ր ա հիմա ինքը, - ընդհանրապես չզարմացավ կինը, ու նրա դեմքին և ոչ մի մկան չշարժվեց նորից․ կարծես մեռած էր նրա դեմքը, կամ կարծես մկանները հաշմված էին լրիվ։

- Չկա, բան չեմ տեսնում, չկա, երևի չկա։

- Ուշադի՛ր նայի,- Մարիամը ցավեցնելու չափ սեղմեց Պետրոսի ձեռքը։

- Մարտիկները, ռազմի դաշտում ընկածները մահանալուց հետո հայտնվում են Ասգարդում, Վալհալայում։ Այդ դահլիճն ունի ուղիղ 540 դուռ, ու նրանք այնտեղ սպասում են բոլոր հերոսների հետ վերջին մարտին, մինչև նրանց կկանչի Հեյդմալը։ Ու ամեն դռնից դուրս կգա 800 զինվոր։ Ամեն առավոտ նրանք զրահավորվում են և մարտնչում մինչ մահ, իսկ հետո հարություն են առնում, նստում ընդհանուր սեղանի մոտ ու խրախճանք անում վալկիրիաների շրջապատում։ Նրանք ուտում են Սեհրիմնիր վարազի միսը, որին նրանք սպանում են ամեն օր, և որն ամեն օր հարություն է առնում։ Էյնհերիները խմում են մեղր, որը կթում են Հեյդրութ այծից։ Վերջինս կանգնած է Վալհալայում և ծամում է Իգդրասիլ Տիեզերեկան Ծառի տերևները։ Կրակի փոխարեն Վալհալան լուսավորում է սրերի փայլը։

Պետրոսը թողեց Մարիամի ձեռքը ու անուժ գետնին ընկավ, տենդի մեջ սկսեց գալարվել ու խոսել հին գերմաներենով։

Մարիամի դեմքը կարծես վերածնվեց, մկանները ջղաձգվեցին։ Նա ժպտաց, արցունքները ժպիտի վրայով լցվեցին նրա բերանը, ու խելագարի պես վազեց դուրս՝ ճանապարհին չնկատելով այս ամբողջ ընթացքում ականջ դրած Հովոյին։ Խփեց նրան ու գցեց գետնին, չնկատելով անգամ բախումը՝ նա գոռալով վազեց փողոցով։

Հովոն արագ կանգնեց, թափ տվեց շորերը ու վազեց սենյակից ներս, որտեղ գետնին ընկած թպրտում էր Պետրոսը։

- Ի՞նչ տեսար, Պետրո՛ս, էդ աչքովդ ի՞նչ տեսար, էդ ի՞նչ էիր խոսում, մեր երկրի վերջը ի՞նչ պիտի լինի։ Խոսա՛, Պետրո՛ս, խոսա՛, ի՞նչ տեսար։

Պետրոսը բացեց իր երեք աչքերը ու հանգիստ ասաց․

- Ոչ մի խեռս․․․


1,751 views

Recent Posts

See All

Comments


bottom of page