top of page
Writer's pictureBook Fest

Խաչիկ Գրիգորյան


Ռեժիսոր


Ստեղծագործում է չափածո եւ արձակ, պատմվածքներից երեքը տպագրվել են «ԳՐԵԹԵՐԹ»-ում, ինչպես նաեւ ունի հրապարակված ստեղծագործություններ Գրանիշ գրական համայնքում։ Ունի մի քանի դոկումենտալ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ դերասանական փորձ։ 2019-2021 թվականներին ծառայել է Արցախում եւ մասնակցել մարտական գործողություններին։






Արեգը, որ ապրելու է ևս 89 տարի

մանկապատանեկան վիպակ

(հատված)


Ծովախոզուկը


Գրատախտակի մոտ պարապ վիճակս տիկին Դաջունցին ստիպեց տեղից վեր կենալ և այնքան մոտենալ ինձ, որ պարզ տեսա նրա ոսկեգույն ատամը։ Հետո հայացքս թեքեցի, ու աչքս ընկավ Դաջունցի աթոռի թիկնակից կախված կիսաբաց պայուսակից ներս։

Եթե նա գոնե մի քիչ (շատ չէ) տանելի համարեր ինձ, ձայնը գլուխը չգցեր ու դուրս չհաներ դասարանից, ես իր պայուսակի ծխախոտի տուփը տեսնելու մասին այդ շերլոքությունս դասից անմիջապես հետո բացահայտ հերոսությամբ կպատմեի բոլորին։

Ա՜յ թե պատմություն է։


Դպրոցից տուն տանող ամբողջ ճանապարհին փոքրամարմին տիկին Դաջունցի խռպոտ ու զրնգուն ձայնը խուտուտ էր տալիս թմբկաթաղանթս։ Ոսկրոտ քթի հետ մի կերպ հաշտված ճենճոտ ապակիներով ակնոցի հետևից չռված աչքերը դժվար է մոռանալ։ Դասարանից դուրս վռնդելուց հետո այդ աչքերը ինձ մինչև տուն լրտեսելու են։


Շաբաթ-կիրակին պետք է մի կերպ համբերել, որ երկուշաբթի անակնկալ նորությամբ շտապեմ դպրոց։ Արդեն մտքումս խաղադրույք եմ անում բոլորի դեմքի իրական արտահայտությունները։

Հարևանները միշտ պատուհաններից նայում են, երբ տուն եմ դառնում, և երևի կարծում են, որ ես իրենց երբեք չեմ նկատում։


Ես երկարացնում եմ տուն տանող ճանապարհը՝ գյուղակի շրջանային նրբանցքներ մտնելով, տշում եմ մանր-մունր քարերը, հասցնում մեր տան դիմացի առուն ու հաջողակ գոլեր խփում։ Ցատկում եմ ճանապարհի եզրագծերի վրա, մի կերպ պահում հավասարակշռությունս, որ տեսնեմ, թե էս անգամ ի՞նչ ժամանակում նոր ռեկորդ կսահմանեմ։ Ամեն անգամ ես կոտրում եմ նույն բակի պատնեշից դեպի փողոց ծռված ճյուղերն ու լսում եմ, թե ինչպես է տան տերն ինձ «չոբան» գոռում: Ճյուղն է, որ ինձ քարեր որսալու ու գոլ խփելու համար հրաշալի երրորդ ոտք է ծառայում։

Ուսապարկիս շղթան ամենաանհարմար տեղերում հաճախ բացվում է, ու ներսի եղած֊չեղածը թափվում է մե՛կ փողոցի մեջտեղում, մեկ անձրևափոսի մեջ, մեկ ցեխաջրի։ Ինչպես մայրս է ասում, անփույթ եմ քայլում։ Էդպես տարբեր տեղերում թեթևացնում եմ պայուսակս ու տուն հասնում առանց տետրերի ու գրենական պիտույքների։


Պայուսակիս բերանբացությունից անընդհատ տուժում եմ։ Այս անգամ էլ ընկավ օրագիրս, որի մեջ էր մեր դասարանական նոր նկարը։ Նկարվել էինք մեկ շաբաթ առաջ չորրորդ ուսումնական տարվա ավարտի առիթով։ Դա փաստաթուղթ է ամառային արձակուրդներին քիչ մնալու մասին:

Նկարն ու օրագիրը վերցնելով՝ նստեցի մայթի ընկուզենու ծառի տակ, որի ճյուղերին բոյս չէր հասնում։

Առաջին շարքի նստարաններին տղաներն են, իսկ երկրորդ շարքում կանգնած են աղջիկները։ Այս նկարը կլիներ հրաշալի, եթե մեջտեղում չգերակշռեր տիկին Դաջունցը։

Երևի սա առաջին ու միակ դեպքն է, որ նա անշարժ է կանգնած։ «Ինչքա՜ն մութ գաղտնիքներ կան Դաջունցի ներսում»,- մտածեցի ես, ու աչքիս առաջ կրկին եկավ կիսաբաց պայուսակը՝ ծխախոտի տուփով։


Մայրիկի կարգադրանքի համաձայն՝ նկարում դեմքիս շատ անկեղծ ժպիտ է ստացվել։ Նա մազերիս ժելե էր քսել, դա մեր տանը հորիցս մնացած միակ ապրանքն է։ Երևի հեռանալիս մոռացել է վերցնել, հիմա հաստատ ժամկետանց է։


Գեշ հոտ էր կպել մազերիս, բայց հանուն մայրիկի ստեղծած գեղեցկության տանելի էր։ Սպիտակ վերնաշապիկիս ոչ մի հետք չկա․ սա էլ մայրիկին հաստատ դուր կգա։ Փողկապս մի քիչ շատ ձիգ է, դրա համար էլ աչքերս բվի աչքերի պես չռվել են։


Այ սա չէի նկատել․ թքեցի՜․ տաբատիս ծնկները... լուրջ է․ մայրիկը զգուշացրել էր, որ նկարվելուց առաջ դպրոցի միջանցքներում բռնոցի չխաղամ, կընկնեմ ու... էսպես։ Կարևոր չէ՞, որ այդ խաղը կրեցի:

Դիմագծերս այնքան նուրբ են։ Հոնքերս դուրս չեն գալիս․ շատ բարակ են․ հազիվ են երևում։ Երբ ուզում եմ տղամարդու դեմքի լուրջ արտահայտություն տալ դեմքիս և աղջկա հետ խոսել օրինակ սիրուց, նմանվում եմ ծովախոզուկի։


Այո՛, հենց այսպես էլ մի անգամ մեկն ինձ անվանեց «ծովախոզուկ»։ Գուշակում եմ, որ չորս հոգի այսօր տանը ծեծ է ուտելու, որովհետև այս նկարին ծնողները շատ կարևորություն են տալիս։

Լիլիթը, որ գովասանագրերի, պատվոգրերի և շնորհակալագրերի կոլլեկցիա է հավաքում, բերանը բաց է պահել։ Երևի տեսախցիկի ֆիքսելու պահին հորանջել է։ Խե՜ղճ աղջիկ, նախորդ օրը երևի չի քնել։ Բայց նա դժվար ծեծ ուտի։


Մյուս անհաջողակը Համլետն է։ Նա ունի ուսերին հասնող երկար մազեր, բայց չունի այնպիսի նուրբ դիմագծեր, որ իրեն ծովախոզուկ ասեն։ Աչքերը փակվել են չխկոցի պահին։ Լուսանկարիչը Համլետի կյանքին շատ բնորոշ նկար է ստացել։ Նա, միևնույնն է, տանը ինչ-որ առիթ կունենար ծեծ ուտելու, թեկուզ եթե նկարում հաջող դուրս գար։


Երրորդը Մերին է։ Նրա մազերն ընկել են աչքերին ու լղոզել են աջ կիսադեմը։ Իր այս անհաջողության համար անկեղծորեն տխրում եմ։ Մերին շատ բարի աղջիկ է։ Ինձ միշտ օգնում է գրել(արտագրել) տնային հանձնարարությունները։ Ամառային արձակուրդներին հրավիրում է իրենց տուն, որտեղ միասին ժամերով փազլ ենք հավաքում, ուտում ենք մայրիկի արգելած չիփսերն ու խմում կոլա։ Իրենց տան բակում փոքրիկ լողավազան էլ կա, բայց ես ամաչում եմ լողազգեստ հագնել։ Արտասահմանում գտնվող իր տատիկի ուղարկած շոկոլադե կոնֆետներից դասարանում ամենաշատ բաժինը միշտ ինձ է տալիս։


Իսկ այ չորրորդը տիկին Դաջունցն է։ Չնայած նրան ոչ ոք չի կարող ծեծել։

Տեսնես մեր լուսանկարիչը ո՞ր աչքն է փակել նկարելու պահին։ Իմ վերլուծական դատողությունները, թե ում հետ ինչ կպատահի տանը, այսքանն էին։ Նկարը օրագրի մեջ դրեցի, օրագրի նշումների հատվածում նկատեցի տիկին Դաջուցի բարկացած ձեռագիրը.

«Հարգելի՛ ծնող, խնդրում եմ, երկուշաբթի օրը դասերի ավարտին պարտադիր ներկայանալ դպրոց։

Հարգանքով` տիկին Դաջունց»

Իսկ վերջում ստորագրությունը․ մի պեյզաժ։

Երանի ճպպոցս ականջին հասներ։


188 views

Recent Posts

See All

Comments


bottom of page