top of page
Writer's pictureBook Fest

Հովհաննես Երանյան


Քննադատ, թատերագետ, արձակագիր։ «Մահացու հյուրախաղ» վեպի համար արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առաջին մրցանակին։

Հրատարակել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր՝ այդ թվում «Մահացու հյուրախաղ», 2018, «Մեղքի պարան» (վեպ, 2017), «Ողորմություն Ֆրոսյային» (պատմվածքներ, 2013), «Ամենագեղեցիկ հարվածը» (վեպ, 2010), «Մարդահամար» (վեպ, պատմվածքներ, պիեսներ, 2008)։

2010-ին ստացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալ, 2018-ին՝ ՀՀ նախագահի մրցանակ։



Մահացու հյուրախաղ, հատված


Պատմություն արջի ու փղի մասին

Արջը կրկեսում համակրելի է, նույնիսկ սիրելի երեխաներին, ի տարբերություն նույն կրկեսում վարժեցրած վագրի կամ առյուծի, որով կամ նրան վարժեցնողով որքան էլ հանդիսատեսը հիանա, այնուհանդերձ` մեծ թե փոքր, վախենում են, սարսռում: Մինչդեռ բնության մեջ վագրը կամ առյուծը վտանգավոր են նույնքան, որքան արջը:

Հսկա երկիրը բնակչության մեծամասնության պատվին ռուսական արջ էր հորջորջվում: Դա այն փափուկ խաղալիքը չէր, որ գրկում են մանուկները, քնեցնում իրենց հետ օրորոցի մեջ կամ մահճակալին: Դա այն արջն էր, որ կոտրում էր մարդկանց ողնաշարը ու հոտեցնում: Ահա այդ հսկա երկրում արջն ամեն ինչ հոտեցրել էր, փտեցրել` նախապես ողնաշարը կոտրելով, կամ թաթի մի հարվածով խեղանդամելով:

Երկու հարբած ռուս զբոսաշրջիկ որոշելով անտոմս մտնել Վարշավայի կենդանաբանական այգի, շրջանցում են մուտքը և պատի վրայից ցատկելով` հայտնվում արջի ոչ վանդակապատ տարածքում: Քիչ անց, տնօրենի աշխատասենյակ է խուժում աշխատակիցն ու սարսափելի գույժ հայտնում. երկու այցելու ծեծում են արջին և եթե արագ օգնություն չհասնեն, արջը կսատկի: Որքան էլ տնօրենը հռհռա ու կարծի, թե իր ենթական կատակ է անում, այնուհանդերձ երկրորդ, երրորդ աշխատակցի ահազանգերից հետո սիպված է լինում միջոցներ ձեռնարկել: Արջին փրկեցին, բայց նա երկար բուժման կարիք ուներ:

Բայց դրանից շուրջ մեկուկես տասնամյակ առաջ վիրավորել էին հենց ռուսական արջին: Վիրավորել էին մահացու, և փրկելն անհնար էր: Վայրի բնության մեջ ապրող ցանկացած գազան վիրավոր վիճակում ավելի վտանգավոր է դառնում: Արջը առավել ևս: Աշխարհի վեցերորդ մասը կազմող արջ-երկիրը վիրավոր էր: Վիրավոր էր մահացու, բայց ընկնելուց առաջ գազազած հարձակվելու էր ու իր հուժկու թաթերով խեղանդամելու էր բոլոր նրանց, ովքեր կհայտնվեին սատկելու իր անցնելիք ճանապարհին:

Փիղն, ի տարբերություն արջի, անվտանգ կենդանի է և նախահարձակ չի լինի: Բայց նա վիրավոր վիճակում անգամ արջից է վտանգավոր:

Գրքում նկարագրվող արջի վիրավորվելու և մեռնելու պատմությունից շուրջ մեկուկես հազարամյակ առաջ պարսիկները հարբած ու կատաղած փղեր էին բերել մարտադաշտ` հայերի վրա: Թեև այս ճակատամարտը չկա պարսիկների պատմագրության մեջ, որովհետև իրենց համար պատերազմը ոչ թե իրենցն էր, այլ` հայերի ազգամիջյան, կամ` քաղաքացիական կռիվ, որի կողմերից մեկին իրենք պարզապես օգնության ձեռք էին մեկնել, կամ փղի կնճիթ, մինչդեռ հայերի համար այն ամենասրբազանն ու ոգեշնչողը եղավ նրանց ողջ պատմության ընթացքում: Այդ ճակատամարտի ժամանակ, մի խենթավուն հայ իշխանորդի մտնում է հարբած փղի տակ ու նիզակով այնքան բզում, խոցում նրա փորոտիքը, որ բնության ամենամեծ կենդանին ծնկում է, իր տակ ճզմելով թե իշխանիկին և թե նրա ընկերոջը:

Նրանք, ովքեր ուզում էին, որ ռուսական արջը, կամ արևմուտքի առավել քարոզչական բառով` չարիքի կայսրությունը ծնկի գա, գիտեին, որ մեկուկես հազարամյակ հայերը ոգեշնչվել են փղին նիզակի ծայրով խոցող ու իր վրա գցող իշխանի կերպարով: Գուցե այդ պատճառով էր, գուցե` ոչ, որ բոլոր կայսրությունները կործանվելով` փլվում էին հենց հայերի գլխին: Փիղ ընկներ, արջ սատկեր, թե գորշ գայլ` տակը հայ էր մնում:

Նրանց կեսից ավելիին կոտորելով ու զրկելով հայրենիքից, մեկ այլ կործանված կայսրության ժառանգորդ թուրքերը, հարյուր տարի հետո էլ հիշեցնում էին իշխանիկի նիզակը և արդարանում` այնքան բզեցիք, բզբզեցիք, որ ձեր վրա տապալեցիք Օտոմանյան կայսրության անկման ողջ իներցիան:

Շուրջ հարյուր տարի անց, երբ արջն ինքն արդեն հոտել էր, և սատկել էր ուզում, նույնպես հիշեց հայ իշխանիկի նիզակի մասին…

Մոտեցել էր արջի համաստեղության կամ չարիքի կայսրության հոգևարքը, և նրանք գիտեին, որ կարող են հեշտությամբ բորբոքել մի կողմից կորցրած հայրենիքի համար հայերի հոգում ծխացող կրակը, մյոս կողմից` թուրքերի` հայ ուտելու հին ու ավանդական ախորժակը: Այդպես, արագացրեցին փաղաքուշ բառով` ռուսական արջի, ավելի դաժան բնորոշմամբ` չարիքի կասրության մահը: Բայց նա նույնիսկ հոգվարքի մեջ, դեռ մինչև մարդկանց ու ազգերի ճակատագրերի վրա փլուզվելը, հասցրեց սպանել ու խեղանդամել իր թաթերով:

24 views

Recent Posts

See All

Comments


bottom of page