top of page
Writer's pictureBook Fest

Հրաչյա Մանուկյան


Արժանացել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի «Արձակ» անվանակարգի «Առաջին մրցանակ»-ին:

 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը: Իր գիտակցական ծնունդը համարում է 2009 թվականը, երբ սկսել է զբաղվել անձնային աճով: Այդ թեմայով յոթ գիրք է հրատարակել: 2016-ից աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: 2023-ից ինքնակրթվում է ֆինանսների ոլորտում, զբաղվում ֆինանսական շուկաներում ներդրումներով: 2024 թվականին սկսել է գրել իր առաջին գեղարվեստական գիրքը:

 

Երեք մահացած կանայք

 

Նոթատետրը ձեռքիս կանգնած եմ Լոս Անջելեսի օդանավակայանում: Հենց նոր հայտարարեցին, որ Հայաստան թռիչքը մեկ ժամ կուշանա: Հետս երկու ուղեկցորդ կա, որոնք հիշեցնում են «Կոզա նոստրայի» մասին գանգստերական ֆիլմի հերոսների: Կանգնած են դիմացս՝ մեջքով դեպի ինձ: Ինչ-որ բանից խիստ զվարճացած են: Ծիծաղն ընդհատվում է միայն էն պահին, երբ խուճուճը, որը վարում էր մեքենան, շրջվում նայում է վրաս: Կարծես ուզում է համոզվել, որ չեմ կորել: Սպասասրահը լիքն է մարդկանցով: Անդադար խոսում են, բայց բառերը շրջանցում են ականջներս: Համատարած բզզոց է. ասես զուգահեռ իրականության մեջ լինեմ: Երեկվա պատահածի ազդեցության տակ եմ։ Հավատս չի գալիս, որ տարօրինակ կինը չկա: Աչքիս առաջ մահացավ: Գլխումս հնչում են վերջին բառերը. «Արա՛մ ջան, խնդրում եմ, կգրեք իմ պատմությունը»: Խոստացա գրել, չնայած գրող չեմ: Տվեց նոթատետրը: Ասաց՝ ինչի մասին չխոսեցինք, կգտնեք նոթատետրում։ Մտածում էի՝ գիշերը քունս չի տանի, կկարդամ, բայց հասա հյուրանոց ու անջատվեցի: Առավոտյան գլուխս ցավում էր, հասցրի միայն լողանալ ու ճամպրուկս հավաքել: Փասադենայից Լոս Անջելես ճանապարհին, երբ «գանգստերները» մեքենայի դիմաց նստած քննարկում էին ավտոլվացման կետ բացելու իրենց բիզնես պլանը, մի քանի էջ թերթեցի: Գեղեցիկ ձեռագիր էր, տառերը կարծես կենդանի լինեին: Փորձեցի կարդալ, չկենտրոնացա: Որոշեցի ինքնաթիռում կարդալ: Օդանավակայանում կանգնած մտածում եմ, թե ինչու ինձ կանչեց: Մոտն ազգականներ կային, մենակ չէր: Հայաստանում իմ հանդեպ համակրանք ուներ, բայց էնքան մոտ չէինք, որ ինձ տեսնելու համար երեք հազար դոլար ծախսեր: Զարմացա, երբ զանգեց: Կորել էր: Մի քանի ամիս տեղեկություն չունեի: Պարզվեց՝ օվկիանոսից այն կողմ է: Ասաց՝ կարևոր բան ունի ասելու, բայց չի կարող գալ: Խնդրեց ես գնամ: Խոստացավ ծախսերը հոգալ: Ներքին ձայնս հուշեց՝ գնա: Տասը տարվա վիզաս ուժի մեջ էր, խանգարող ոչինչ չկար: Թռա ԱՄՆ: Վերջին ժամերը հետն անցկացրի: Հետո փակեց աչքերը: Սենյակում մի քանիսը լացեցին: Խուճուճն ասաց, որ ինձ հյուրանոց կուղեկցի: Ժամանակն անխիղճ է. թռչում է, երբ ուզում ես դանդաղի, և կանգնում է, երբ ուզում ես արագանա: Դեռ մեկ ժամ էս բզզոցի մեջ պետք է ինքնաթիռի սպասեմ: «Գանգստերները» զբաղված են, անելիք չկա, հանեցի հեռախոսը: Չհաջողվեց ինտերնետին միանալ: Սկսեցի թերթել կոնտակտները: Մեկ էլ աչքովս ընկավ՝ «Tarorinak kin»: Այդպես էի գրանցել հեռախոսիս մեջ, երբ առաջին անգամ զանգեց: Չէի հասցրել փոխել: Զանգելուց մի քանի օր հետո հանդիպեցինք: Չորս ամիս անցել է, բայց լավ հիշում եմ: Անձրևոտ օր էր. վատ էր սկսվել:

 

Գլուխ 1. 

Չորս ամիս առաջ

 

Ջղայնացած շրխկացրի դուռը ու դուրս եկա: Լույս նոր է բացվում. միջանցքում հարևաններից ոչ ոք չկա: Հուսով եմ՝ գոռոցներս չեն լսել: Սեղմեցի վերելակի կոճակը: Շղթաների դղրդյունից հասկացա, որ վերելակն առաջին հարկում է: Սպասելու ժամանակ չունեմ: Հին վերելակներն էնքան դանդաղ են շարժվում, որ ավելի շուտ ոտքով կիջնես: Հինգերորդ հարկից աստիճաններով արագ իջա: Դուրս եկա բակ ու հասկացա, որ անձրևանոցս չեմ վերցրել: Հաստատ է՛լ չեմ բարձրանա. ոչ ժամանակ կա, ոչ էլ տրամադրություն: Երեկ եղանակի տեսությունը նայեցի. ժամը տասնմեկից անձրև է գալու: Էդ ժամին գրասենյակում կլինեմ: Եթե անձրև լինի, ընդմիջման չեմ գնա: Մի բան կպատվիրեմ: Վերջին օրերին անընդհատ անձրևներ են, չնայած մայիսի վերջն է: Թախծոտ, առանց արև օրեր են: Պետք է անձրևանոցը մոտդ պահես: Ձեռքերդ ծանրանում են, տրամադրությունդ՝ ընկնում: Քայլեցի մեքենայի կողմ: Մեքենան էլ կեղտոտ է: Ապակիներին անձրևաջրի չորացած հետքեր են: Չեմ սիրում, երբ մեքենաս կեղտոտ է: Ասես ես եմ կեղտոտ: Ամպամած եղանակին, առանց անձրևանոցի, կեղտոտ մեքենայով, ջղայնացած պետք է հասնեմ աշխատանքի: Մի խոսքով՝ լավագույն առավոտս չէ: 

Պայուսակս գցեցի հետևի նստատեղին ու բանալին պտտեցի: Մինչ մեքենան տաքանում է, նայեցի հինգերորդ հարկի մեր պատուհանին: Վարագույրի եզրը մի կողմ է քաշված, երևի թաքուն ինձ է հետևում: Լույսն անջատված է, ինքը չի երևում: Նորից վիճեցի կնոջս հետ: Պետք է միասին դուրս գայինք, իրեն տանեի աշխատանքի՝ Գյուլբենկյան փողոց, հետո ես գնայի Արշակունյաց: Ժամը յոթն անց կես, ամենաուշը՝ յոթն անց քառասուն դուրս ենք գալիս, բայց ժամը յոթն անց քսանհինգ էր, իսկ նա դեռ գիշերանոցով էր: Դա նշանակում է՝ ուշանալու ենք: Հոգնել եմ զգուշացնելուց, որ սկզբում տնից դուրս գալու հետ կապված գործերն անի, հետո մնացածը: Չի լսում: Մի քանի օր անում է ու մոռանում: Հինգ-տասը րոպե է մնում դուրս գալուն, մեկ էլ տեսար՝ գիշերանոցով անկողինն է հավաքում: 

Ինչո՞ւ են կանայք էդքան լուրջ վերաբերվում անկողին հավաքելուն: Իմաստը ո՞րն է: Մեկ է՝ երեկոյան գալու ես քանդես: Երբ փոքր էի, մայրս էլ էր նույնն անում: Ինքը չէր հավաքում, ինձ էր ստիպում: Մինչև անկողինս չհավաքեի, չէի կարող տնից դուրս գալ: Ինը տարեկանում ասաց՝ մեծ ես, պետք է սենյակիդ հարցերն ինքդ լուծես: Ես էլ լուծում էի, դարձել էի անկողին հավաքելու մասնագետ: Էնքան լավ էի հավաքում, որ երբ դպրոցից գալիս էի, չէի ուզում վրան պառկել, որ չքանդվի: Լավ է գոնե ուսանող դառնալուց հետո սկսեցի մենակ ապրել: Ինչ ուզում, անում էի։ Շորերս լցնում էի աթոռին, ուտելիքը թողնում էի սեղանին, անկողինը չէի հավաքում: Ի՞նչ կարևոր է՝ տանն ինչ կանես: Կարևորը՝ դուրս գաս լողացած, սանրված, արդուկած շորերով, մաքուր կոշիկներով: Նույնը կնոջս եմ բացատրում: Հարցը միայն անկողինը չէ: Մեկ էլ տեսար՝ հավաքեց չորացած լվացքն ու սկսեց արդուկել: Կամ էլ որոշեց աման լվանալ: Հասկանում եմ՝ տան գործեր են, պետք է անես: Նյարդայնացնում է այն, որ էնպես հանգիստ է անում, կարծես ահագին ժամանակ ունենք: Դրա համար շաբաթական ամենաքիչը երկու օր ուշանում ենք: Սկզբում յոթին էինք արթնանում, հետո դարձրինք վեցն անց կես: Խնդիրն արթնանալու ժամը չէ, այլ գործերը կազմակերպելը: Թվում է՝ սա էլ կհասցնես, մյուսն էլ, մեկ էլ տեսնում ես՝ դուրս գալու ժամն է: Սկսում եմ վրան խոսել, շտապեցնել: Ասում է՝ հերիք է փնթփնթաս, ոնց որ պապիկ լինես: Իրեն թվում է՝ ինձ դուր է գալիս խոսել: Չէ, հաստատ դուր չի գալիս, չեմ ուզում փնթփնթան պապիկ լինել: Փորձում եմ ինձ զսպել: Բայց երբ տեսնում եմ՝ ուշանում ենք, չեմ դիմանում՝ գոռգռում եմ: Ուզում է ինձ հանգստացնել, ասում է՝ ամեն ինչ լավ է: Դրանից ավելի եմ նյարդայնանում: Ոնց չեմ սիրում, երբ ասում է՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչն է լավ: Հո հիմար չեմ, որ անտեղի խոսեմ: Եթե ամեն ինչ լավ լիներ, ճանապարհին կլինեինք: Կխոսեինք, կժպտայինք, երաժշտություն կլսեինք, ոչ թե մեքենան գժի պես կվարեի, որ հասցնենք խաչմերուկը դեղին լույսի տակ անցնել:

Որոշեցի, որ էս անգամ չեմ սպասելու, թող ավտոբուսով գնա: Դուռը շրխկացրի ու դուրս եկա: Էդպես եմ անում, որ հասկանա: Էնպես չէ, որ ինձնից գոհ եմ, ուղղակի չգիտեմ՝ ուրիշ ինչ անել: Ասելը չի անցնում: Գիտեմ, որ նեղվելու է: Ես էլ եմ նեղվում: Հո անխիղճ չեմ: Հիմա էլ, երբ պատուհանից թաքուն նայում է, մեղքս գալիս է: Կասկածում եմ՝ գնամ, թե սպասեմ: Ամեն օր խոստանում եմ ինձ՝ քիչ խոսել, բայց մի սխալ բան անում է, չեմ դիմանում: Հատկապես աշխատանքից հետո: Հոգնած գալիս ես տուն, ուզում ես՝ գլուխդ հանգստանա, մեկ էլ խոհանոցից շրխկոց ես լսում: Ասում ես՝ լավ, մարդ է, գործ է անում: Բայց հետո էլի շրխկոց, էլի շրխկոց: Ձայն ես տալիս, ասում ես՝ մի քիչ կամաց, մի բան պատասխանում է, ու դրանից սկսվում է: Վիճում ենք, հետո չենք ուզում իրար տեսնել: Շուտ եմ պառկում, որ մինչև գա՝ քնած լինեմ: Առավոտյան բարկությունս անցած է լինում: Աչքերս բացում եմ, կողքս պառկած է: Նայում եմ դեմքին, էնքան հարազատ է: Փոշմանում եմ երեկվա արածներիս համար: Մտքում ինքս ինձ ասում եմ՝ էսօր քեզ հանգիստ կպահես: Հանգստությունս մեկ ժամ է տևում, մինչև սկսում է անկողինը հավաքել:

Վերջին անգամ նայեցի մեր պատուհանին ու շարժվեցի: Չսպասեցի: Տեսնես հիմա ի՞նչ է զգում: Հետևություններ կանի՞, թե՞ էլի ոչինչ չհասկացավ: Ամեն դեպքում տրամադրությունս փչացրեց: Գիտեր, որ էսօր ինձ լավ տրամադրություն է պետք: Քանի օր է՝ խոսում եմ էդ մասին: Նոր այցելու ունեմ: Հանդիպումը նշանակել եմ ութն անց տասնհինգ: Վերջին շաբաթվա ընթացքում միակ գրանցված այցելուս է: Նախանցյալ շաբաթ երկու հոգի եկան, բայց առաջին հանդիպումից հետո չշարունակեցին: Մեկի հետ հանդիպմանը ուշացել էի, մյուսն էլ խոսում էր, իսկ ես մտքերով ուրիշ տեղ էի: Իրականում հոգեբան լինելը հեշտ չէ: Պետք է կարողանաս ուղեղդ քո կյանքից անջատես: Պետք է մտնես աշխատասենյակ, նստես այցելուիդ դիմաց, ու մարդը զգա, որ քո ուշադրության կենտրոնում է: Ոչ թե տեսնի, որ անհանգիստ ես: Անհանգստությունդ չես կարող թաքցնել. մարմինդ մատնում է: Ես հոգեբան եմ, սովորական մարդ, ոչ թե գաղտնի ծառայության գործակալ, որ մարմնիս լեզուն ղեկավարեմ: Չէ՛, ստի դետեկտորին հաստատ չեմ խաբի: Այցելուներիս էլ չեմ ուզում խաբել: Մարդը գալիս է մոտդ, որ լուծես իր խնդիրը, ոչ թե դեմքիդ տեսնի քոնը: Ո՞վ կվստահի նման հոգեբանին: Օրինակ՝ ուզում ես տուն կառուցել, կանչում ես ճարտարապետի: Նախագծում է, տալիս է հատակագիծը: Մի օր էլ գնում ես նրա տուն՝ սրճելու, տեսնում ես՝ պատերը ծուռ են: Ո՞նց վստահես էդ ճարտարապետին: Կամ գնում ես մարզասրահ՝ նիհարելու, գալիս է մարզիչդ՝ քեզնից չաղ: Չե՞ս նայի վրան ու մտածես՝ ո՞նց է օգնելու ինձ նիհարել: Նույնը հոգեբանի դեպքում է: Մարդկանց համար մենք խնդիր լուծող ենք, ոչ թե ունեցող: 

Կնոջս էլ եմ բացատրում: Ուզում է՝ շուն պահենք, թատրոն գնանք, թանկ օրթոպեդիկ ներքնակ գնենք: Վերջերս էլ սպասք լվացող մեքենա է ուզում: Մի կողմից ուզում է, մյուս կողմից՝ ջղայնացնում: Ջղայնացած ո՞նց շատ փող աշխատեմ: Սկսել եմ նախանձել էն մարդկանց, որ ամուսնացած չեն: Վիճելու առիթ չկա: Ինչ տրամադրությամբ արթնանում ես, նույն տրամադրությամբ գնում ես աշխատանքի: Պարզ չէ՞, որ ավելի լավ կաշխատես: Ուզածս դա է: Ասում եմ՝ արի ժամանակին դուրս գանք, ավելորդ չխոսենք, չլարվենք: Եթե լավ տրամադրությամբ եղա, գործս էլ լավ կանեմ: Այցելուներս գոհ կլինեն, կպատմեն իմ մասին, ընկերներին կբերեն: Իմ գովազդն իմ այցելուներն են: Ես հո սպասք լվացող մեքենա չեմ, որ փողոցում գովազդեն: 

Մտքերով ընկած հասա Արշակունյաց պողոտա: Լավ է՝ գոնե խցանումներ չկան: Շուտ դուրս գալու առավելություններից է: Տասնհինգ րոպե ուշ դուրս գաս՝ ճանապարհին կես ժամ ավել կմնաս: Կայանելու ազատ տեղ էլ կա: Կանգնեցի փողոցում՝ պատուհանիս տակ: Չեմ սիրում բակ մտնել: Օրվա ընթացքում մեքենաներն էնպես են կանգեցնում, ճանապարհդ փակում են, չես կարողանում դուրս գալ: Փողոցում ավելի ապահով է, աչքիս առաջ է: Երբ ուզում եմ գործից շեղվել, կանգնում եմ պատուհանի մոտ ու նայում եմ մեքենայիս: Ինձ համար մեդիտացիայի պես մի բան է: Դրսում նայելու շատ բան կա, բայց հարազատ մեքենային նայելը հանգստացնում է: Մնում է՝ աչքդ չկպնի: Մոտս մի ոստիկան էր գալիս, վաթսունն անց տղամարդ էր: Հոգեկան լուրջ խնդիր ուներ, ինքնասպանության փորձ էր արել: Մի օր խոսում էինք, ձանձրացա նստելուց ու սկսեցի քայլել: Մոտեցա պատուհանին: Մեկ էլ ձայն եմ լսում՝ Արամ ջան, լսո՞ւմ եք, շարունակե՞մ: Պարզվում է՝ նայել եմ դուրս՝ մեքենայիս, ու անջատվել: Ներողություն խնդրեցի: Դրանից հետո փորձում եմ այցելուներիս ներկայությամբ պատուհանից չնայել:

Մեքենայից իջա, նայեցի ժամացույցին: Ութն անց երկուս է: Միայն թե այցելուս շուտ հասած չլինի. կհասցնեմ սուրճ խմել: Լինում է՝ նշանակած ժամից շուտ են գալիս: Կանչում ես տասնմեկին, տասն անց կես դռան մոտ են: Ասում եմ՝ շուտ եք եկել, ասում է՝ ոչինչ, ընդունարանում կնստենք, կսպասենք: Դե արի բացատրի, որ ընդունարանում չեն նստում, նյարդերիս են նստում: Ո՞նց հանգիստ սուրճ խմես, երբ շնչիդ կանգնած են: Դուռը բացում է, էնպես է վրադ նայում, կարծես դու ես մեղավոր, որ ինքը շուտ է հասել: Ոչինչ չի ասում, բայց դեմքին գրված է՝ պարապ ես, ընդունի էլի: Ո՞վ ասաց, որ պարապ եմ: Հոգեբանի աշխատանքը հո միայն էն չի, որ մեկի հետ խոսես: Մենակ մնալու, մտածելու իրավունք ունե՞մ: Դրա համար չեմ սիրում, երբ շուտ են գալիս: Հինգ րոպեն հասկանալի է, հարգում եմ նման մարդկանց: Ավելի լավ է հինգ րոպե շուտ, քան մեկ րոպե ուշ: Բայց երբ ավելի շուտ են գալիս, նյարդայնացնում է:

Գրասենյակս երկրորդ հարկում է: Բարձրացա վերև: Միջանցքում մարդ չկա: Մյուսներն իննից սկսած են աշխատում, իսկ ես այցելուներիս ութն անց տասնհինգից կանչում եմ: Ամենալավ ժամն է. աղմուկ չկա, խանգարող չկա, րոպեն մեկ դուռդ չեն բացում, բարևում: Միակ մարդը, ում կարող ես էդ ժամին տեսնել, հավաքարարն է: Սովորաբար երեկոյան է մաքրում, բայց երբ չի հասցնում, առավոտն էլ է գալիս: «Ընդունարան» կոչվածը միջանցքի լայնացած մի հատված է: Դռանս ուղիղ դիմացն է: Նստարանները խորն են դրված, միջանցքի ծայրից չեն երևում: Մտածեցի՝ գուցե այցելուս էնտեղ է: Մոտեցա, մարդ չկա: Խորը շունչ քաշեցի:  Հաստատ էսպրեսոս կխմեմ: Օրվա ամենամեծ հաճույքներից է: Երբ այցելուներս շուտ են գալիս, ծրագրերս խախտվում են, չեմ հասցնում խմել: Կարող եմ առաջարկել՝ միասին խմենք, բայց պրոֆեսիոնալ չէ: Մարդն ընկճված գալիս է մոտդ, իսկ դու միանգամից առաջարկում ես սուրճ խմել: Տարօրինակ կհամարեն: Հատկապես, երբ առաջին անգամ են գալիս: Դրա համար էլ ուրախացա, որ դեռ չի եկել:

Ուզում եմ բացել դուռը, բանալիներս չկան: Պայուսակս քրքրեցի, չկա: Հիշեցի, որ տան դուռն էլ չեմ փակել: Ուրեմն չեմ վերցրել: Արյունը խփեց գլխիս: Հետ գնալու ցանկություն ընդհանրապես չունեմ: Հանդիպումից կուշանամ, կընկնեմ խցանումների մեջ, կնոջս կտեսնեմ, ու էլի կվիճենք, հետ գալուց հետո էլ կայանելու տեղ չի լինի: Գոնե մի բաժակ սուրճ լիներ…

Օրս անհաջող սկսվեց: Չնայած օրն ի՞նչ կապ ունի. նա է մեղավոր, թող չջղայնացներ: Եթե կողքս լիներ, էնպե՛ս կգոռայի: Դրա համար եմ զգուշացնում՝ արի ժամանակին դուրս գանք, հանգիստ գնանք: Երբ շտապում եմ, մի վատ բան լինում է: Հեռախոս ու պայուսակ շատ եմ մոռացել, բայց բանալին առաջին անգամ է: Խախտումներիս մասին չեմ էլ ուզում հիշել: Եթե էսպես շարունակվի, վարորդական իրավունքից կզրկեն: Ուշանում ենք, փորձում եմ դեղինի տակ անցնել, վերջին վայրկյանին փոխվում է կարմիր, տուգանքը գալիս է: Մի անգամ էլ մեքենաս եմ խփել: Ու միշտ առավոտյան է լինում: Մեկ էլ մտքովս անցավ՝ ստուգեմ շալվարիս հետևի գրպանը: Ո՜նց ուրախացա: Բանալին երբեք էնտեղ չեմ դնում: Չես կարող խրձով բանալին դնել հետևի գրպանում ու նստել: Պետք է յոգ լինես: Ուրեմն ինչ ջղային եմ եղել, որ նստել եմ բանալիների վրա ու չեմ զգացել: Կարևորը՝ մոտս են: Էնպես ոգևորվեցի, ասես կրկնակի էսպրեսո եմ խմել: 

Բացեցի դուռը: Ինձնից երկու սենյակ էն կողմ ծրագրավորման ընկերություն է: Ձմռանը թալանել էին: Միջանցքում տեսախցիկներ կան, շենքի առաջին հարկում՝ անվտանգության աշխատող, բայց կարողացել էին մտնել ու համակարգիչները տանել: Առաջին հարկի պատուհանից էին մտել, երեքով էին եղել: Տեսախցիկները նկարել էին, բայց ի՞նչ օգուտ, եթե դիմակով են: Անվտանգության աշխատողը դրսում է եղել: Երևի հետևել են: Վերջում էլ դուռը փակել, գնացել են: Դրանից հետո կասկածով եմ մտնում ներս: Մտածում եմ՝ գողություն արած չլինեն: Նայեցի սեղանիս: Երեք հազար դրամը տեղում է: Հատուկ եմ դրել, որ մտնելուց առաջինը դա վերցնեն: Էդպես գոնե կիմանամ, որ սենյակումս մարդ է եղել: Թե չէ լինում է՝ էնպես են գողանում, չես էլ նկատում: Ոչինչ չեն տեղաշարժում, խառնում, վնասում: Ոտնահետքեր չեն թողնում: Դուրս գալուց հետո էլ դուռը փակում են: Մի քանի օր կանցնի, մի բան պետք կգա, կտեսնես՝ չկա: Կսկսես կասկածել՝ դո՞ւ ես վերցրել, թե՞ գողացել են: Դուռս էլ էնպիսի դուռ չէ, որ քեզ պաշտպանված զգաս: Ոտքով ուժեղ խփես՝ կբացվի: Շենքի տնօրինությանն առաջարկեցի փոխել, ասացին՝ քո հաշվին պետք է անես: Չուզեցա վիճել, վատ մարդիկ չեն: Երկու տարի է, ինչ տեղափոխվել եմ: Հեծանվով Արշակունյաց պողոտայով անցնում էի, տեսա՝ գրված է. «Վարձով տարածքներ»: Մտածեցի` տեղը լավն է, նորակառույց շենք է. թանկ կլինի, անիմաստ է նայել: Ներքին ձայնս հակառակվեց՝ փորձիր: Մտա, հանդիպեցի մենեջերին, խոսեցինք: Ցույց տվեց տարածքները: Պարզվեց՝ գինը հարմար է: Վերևի հարկերն ավելի թանկ էին, երկրորդում վարձեցի: Լուսավոր, ընդարձակ սենյակ է: Նախորդ գրասենյակիցս երկու անգամ մեծ է: Մի պատը ծայրից ծայր պատուհաններ են: Ձայնամեկուսացումն անողին պատրաստ եմ անվճար ծառայություն մատուցել. մինչև պատուհան չբացես, փողոցից ձայն չի գա: Առանց գույքի էր: Սեղանս ու գրապահարանս բերեցի, բազմոցն ու բազկաթոռները գնեցի: Հին գրասենյակում աթոռներին էինք նստում, զարմանում եմ՝ ոնց էինք դիմանում: Մեջքս բռնվում էր: Սրանք էնքան հարմար են, նստում ես, չես ուզում վեր կենալ: Միայն մի աթոռ եմ բերել, մնացածը վաճառեցի: Չեմ ուզում սենյակս անիմաստ լցնել: Մեկ էլ բույսեր ու նկարներ ունեմ: Նկարներն առանձին թեմա են: Տանը երկու հատ պահած ունեի: Յուղաներկով արված կտավներ են, չեմ էլ հիշում՝ ով է նվիրել: Երբ եկա էստեղ, որոշեցի կախել: Այցելուներս տեսան, սկսեցին իրենք նվիրել: Էդպես շատացան: Հիմա յոթն են: Ամենասիրածս գայլով նկարն է: Մի կին դաշտում կարմիր հատապտուղ է հավաքում, իսկ գայլը հեռվից հետևում է նրան: Կարծես մտածում է՝ հարձակվի, թե ոչ: Կինը գայլին չի տեսել, կռացած իր գործն է անում: Երբ նայում եմ էս նկարին, մտածում եմ, թե կյանքում ինչքան վտանգներ կան, որ մենք չենք զգում: Չգիտես՝ վաղը հետդ ինչ կլինի: Կյանքն էլ գայլ է. հարձակվում է էն պահին, երբ չես սպասում: Օրինակն այցելուներս են: Ամեն մեկը մի խնդիր ունի, բայց սկզբում ի՞նչ իմանար, որ իր հետ կարող է նման բան լինել: Ո՞ր մի նորմալ մարդու մտքով կանցնի, որ մի օր կուզի ինքնասպան լինել կամ կվախենա տնից դուրս գալ: Երբ այցելուս նկարը բերեց, հուզված էր: Ինքն էլ ծանր հոգեվիճակում էր, երբ սկսեց գալ: Կարողացա օգնել: Վերջին անգամ էր գալիս: Ասաց, որ նկարը սենյակիս թարմություն կտա, ինչպես ես տվեցի իր կյանքին:

Բայց սենյակիս թարմության հետ կապված ամենասենսացիոն միտքն առաջարկեց մեր հարկի դիզայներական ընկերության աշխատողը: Խնդրել էի գալ, սենյակիս կահավորման հետ կապված խորհուրդներ տալ: Ինչ առաջարկեց՝ արեցի: Պահարանը տեղափոխեցինք, վարագույրները փոխեցինք, բույսերը պատուհանագոգից իջեցրինք գետնին: Երբ վերջացրինք, նայեց սենյակիս ու ասաց՝ չե՞ք կարծում, որ դատարկ է: Ասացի՝ ինձ համար լավ է: Ասաց՝ չէ, մի բան պակաս է: Ձախ ձեռքով բռնեց դունչը, աչքերը բարձրացրեց, մի քիչ մտածեց, մեկ էլ հարցրեց՝ բացի աշխատանքից, ինչո՞վ եք սիրում զբաղվել: Ասացի՝ տանը դաշնամուր եմ նվագում: Ասաց՝ ի՞նչ կասեք, եթե սենյակում դաշնամուր դնենք: Մտածեցի՝ կատակ է: Ուզում էի ծիծաղալ, բայց դեմքը լուրջ էր: Ստիպված ասացի՝ կմտածեմ: Մտածելու բան չկար, չուզեցա՝ անհարմար զգա: Մի քանի օրից միտքը սկսեց դուր գալ: Նվագելը երկրորդ ամենամեծ հաճույքն է սուրճից հետո: Հասկանում եմ՝ աշխատանքային ժամ է, չեմ նվագի: Մեկը կբողոքի, շենքից կհանեն: Բայց աչքս էլ տեսնի, ինձ լավ կզգամ: Մեքենայի պես է: Երևի սիրած իրերին նայելը հանգստացնում է, ինչպես սիրելի մարդկանց: Պարտադիր չէ՝ շոշափես: Աչքիդ առաջ լինեն, բավական է: Տանը եղածը չեմ բերի. սովետական հին մոդել է: Նորը տեսել եմ: Երաժշտական խանութի կողքով անցնում էի, ցուցափեղկում դրված էր: Գինը հարցրի. հինգ հարյուր քսան հազար դրամ: Գործերս լավանան՝ անպայման կգնեմ: Պատկերացնում եմ այցելուներիս արձագանքը: Գալիս են հոգեբանի մոտ, տեսնում՝ դաշնամուր: Կմտածեն՝ զարգացած մարդ է, միայն հոգեկան աշխարհից չի հասկանում, նաև արվեստից: Կհիշեն ինձ: Կասեն՝ էն հոգեբանը, որի գրասենյակում դաշնամուր կա: Հիմա էլ, երբ մտնում են սենյակ, մոտենում են նկարներիս, վերցնում են գրքերս, հարցեր են տալիս: Խոսում ենք արվեստից, գրականությունից: Ինձ համար դա կարևոր է: Ուզում եմ, որ հետս անկաշկանդ շփվեն մինչև իրենց խնդրի մասին պատմելը: Մի օր մի ուսանող աղջիկ պահարանումս տեսավ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլ»-ը: Ասաց. «Օ՜, Դուք է՞լ եք կարդացել, շատ լավ գիրք է»: Ձևացրի, թե կարդացել եմ: Իրականում չեմ էլ բացել: Կողքը տեսավ Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ»-ը: «Էս գրքի մասին էլ շատ եմ լսել,- ասաց,- կուզեի կարդալ»: Ու նայում է վրաս: Մտածում է՝ կառաջարկեմ տանել կարդալ: Չառաջարկեցի: Թող գնի: Չեմ սիրում, երբ գրքերս տանում են: Ուզում եմ՝ աչքիս առաջ լինեն: Երեսունից ավել գիրք ունեմ, բայց մեծ մասը չեմ կարդացել: Մտնում եմ գրախանութ, հետաքրքիր գիրք եմ տեսնում, գնում եմ: Ինձ խաբում եմ, թե կկարդամ, բայց մի քանի էջ կարդում, կիսատ եմ թողնում: Ուսանող ժամանակ էի շատ կարդում, հիմա համբերությունս չի հերիքում: Տեսնում եմ՝ հաստ գիրք է, հավատս չի գալիս, որ կվերջացնեմ: Օրինակ՝ Դեն Բրաունի «Հրեշտակներ և դևեր»-ը: 528-էջանոց վեպ է: Մի էջ էլ չեմ կարդացել: Չգիտեմ՝ մտքովս ինչ անցավ, որ գնեցի: Նույնիսկ ֆիլմը չեմ դիտել: Մի քանի դրվագ նայեցի, դուրս չեկավ: Բայց երբ գրախանութում գիրքը տեսա, ուզեցա գնել: Հոգեբանական գրքեր էլ ունեմ: Դեյլ Քարնեգին սիրածս հեղինակն է: «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա»-ն մի քանի անգամ կարդացել եմ: Առաջինը՝ ութերորդ դասարանում: Վրաս մեծ տպավորություն թողեց: Երևի դա ազդեց, որ որոշեցի հոգեբան դառնալ: Ծանոթներ ունեմ՝ Քարնեգի չեն սիրում, ասում են՝ արհեստական խորհուրդներ են, Հայաստանի համար չեն: Զարմանում եմ, որ չեն հասկանում: Բանկում աշխատող մի ընկեր ունեմ. բաժնի պետ է: Մի օր ասաց. «Գիտեի՞ր, որ Քարնեգին մահացել է առանց ընկերների՝ մենակության մեջ»: Ակնարկում էր՝ ո՞նց կարող է ընկերների մասին գիրք գրել: Հեշտ է կողքից խոսել, երբ մարդու կյանքից հարյուր տարի հեռու ես: Ասացի՝ բժիշկներն էլ հիվանդանում են, չի նշանակում՝ բժշկել չգիտեն: Ասաց՝ չէ, դա ուրիշ է, վիրուսը բոլորին կպնում է, իսկ հոգեբանը պետք է մարդկանց հետ շփման մեջ իրեն զգա էնպես, ինչպես ձուկը ջրում: Մտածեցի՝ լավ է՝ սա իմ ու կնոջս հարաբերություններից շատ տեղյակ չէ: Բայց բան չասացի: Չարժեր անիմաստ խոսել: Էս ընկերս սիրում է հակառակվել: Կսպասի, մինչև մի սխալ բան ասես, որ սկսի հետդ վիճել: Դրա համար շատ չեմ խորանում: Էդ օրը նույնիսկ փոշմանեցի, որ հրավիրել էի գրասենյակս տեսնելու:

Միացրի սրճեփը: Յոթ րոպե է մնում այցելուիս գալուն: Բացեցի պատուհանը, որ սենյակն օդափոխվի: Փողոցում մեքենաների շարժն ավելացել է, բայց գժանոցը չի սկսվել: Սովորաբար ութն անց կեսից է սկսվում. մեքենաներն անկանոն ազդանշանում են: Ասես փոքրիկ երեխան անկանոն սեղմի դաշնամուրի ստեղները, հետո գտնի ամենաբարձր ձայն հանողները ու միայն դրանք սեղմի: Վարորդների մեջ էլ կան մեծ երեխաներ։ Մեքենայիս կողքը՝ երկրորդ շարքում, սև մերսեդես կանգնեց: Հասկացա, որ ուզում է կայանել: Մեքենայիս դիմաց ահագին ազատ տեղ կա, բայց սա որոշեց կայանել հետևում: Հետևում կապույտ ֆոլցվագեն է, երկուսի արանքում հազիվ մի մեքենայի տեղ լինի: Մտածեցի՝ չի տեղավորվի: Նույնիսկ ուզեցա գոռալ՝ տեղը նեղ է, դիմացը կանգնիր: Մինչև կկողմնորոշվեի՝ գոռալ, թե չէ, սա առաջին փորձից կայանեց: Հիանում եմ վարժ կայանող վարորդներով: Հետաքրքրեց, թե ով է: Զարմացա. մեքենայից կին իջավ: Բացեց հետևի դուռը, յոթ-ութ տարեկան երկու երեխա իջան՝ աղջիկ ու տղա: Երեխաներին ինչ-որ բան ասաց, ձեռքներից բռնեց, ու արագ քայլեցին վերնանցումի կողմ: Զգացվեց, որ շտապում են: Երեխաների մեջքին պայուսակներ են: Նայում եմ պայուսակի չափին, համեմատում երեխայի չափի հետ ու զարմանում՝ ինչու են էդքան մեծ պայուսակ կրում: Տեսնես մեջը ի՞նչ են լցնում: Հիշեցի իմ դպրոցական պայուսակը: Կաշվե փոքրիկ պայուսակ էր, հազիվ սրանց կեսը լիներ: Մի քանի տետր ու գիրք էի դնում: Հիմա առարկանե՞րն են շատացել, թե՞ գրքերն են հաստացել: Դրա համար էլ մայրը ձեռքներից քաշում է: Չքաշես՝ կուշանան: Ում մեջքին էլ էդքան ծանրություն դնես, կուշանա: Ուշանալը սովորական երևույթ է դարձել: Պիցցա ես պատվիրում, ուշացնում են: Վարպետ ես կանչում, ուշանում է: Կանանց մասին է՛լ չասեմ. պրոֆեսիոնալ ուշացող են: Մնում էր միայն երեխաները դպրոցից ուշանան: Եթե դպրոցի տնօրեն լինեի, կհանձնարարեի զանգը տալուն պես դուռը փակել: Ով ուշանա, թող դրսում մնա: Անհարգելի բացականեր կհավաքեն, նկատողություն կստանան, կսկսեն ժամանակին գալ: 

Զրնգոց լսվեց. սուրճս պատրաստ է: Պաշտում եմ հոտը: Մոտեցա սեղանին, հանեցի սպիտակ ճենապակուց բաժակս, սուրճը լցրի: Ուրբաթ օրվանից երկու կտոր թխվածք է մնացել: Սոֆին էր բերել: Էն դիզայներն է, որ խորհուրդ տվեց գրասենյակումս դաշնամուր դնել: Երբ նոր էի եկել, միջանցքում տեսնում, բարևում էինք: Անցյալ տարի Մարտի 8-ը շնորհավորեցի, մի երկու կոմպլիմենտ արեցի, սկսեցինք ավելի հաճախ խոսել: Երբ եկավ գրասենյակս ձևավորելու, ընկերացանք: Իմացա, որ ինքն էլ Ջերմուկից է: Հիմա գրեթե ամեն ուրբաթ սրճում ենք: Հետաքրքիր աղջիկ է: Հետը խոսելու թեմա միշտ կա: Նույնիսկ շինարարությունից է հասկանում: Բաժանված է: Քառասուն հաստատ չի լինի: Երբեմն թվում է՝ դուրը գալիս եմ, բայց չափը չեմ անցնում: Մատանին մատիս է. գիտի, որ ամուսնացած եմ: Գալուց քաղցրավենիք է բերում: Մի արտահայտություն ունի, որ չեմ սիրում. «Օրը քաղցրով սկսենք, որ քաղցր անցնի»: Ամեն անգամ ասում է, ես էլ ժպտում եմ, բայց մտքումս ասում եմ՝ է՛լ չասես: Վերջին անգամ փախլավա բերեց: Ասացի՝ շատ է, ասաց՝ ոչինչ, կեսը հետո կուտես: Մի քիչ չորացած էին, բայց հաճույքով կերա:

Սուրճս խմեցի, բաժակս լվացի, դրեցի չորանա: Նայեցի ժամացույցին. ութն անց քսանմեկ է: Այցելուս արդեն վեց րոպե ուշանում է: Տարօրինակ կին էր: Չորեքշաբթի երեկոյան՝ տասի կողմերը զանգեց: Կասկածում էի՝ հեռախոսը վերցնել, թե ոչ: Պատասխանեցի: Ասաց՝ համարս նախկին այցելուս է տվել:  Չհարցրի, թե կոնկրետ ով: Թող մտածի՝ էնքան շատ են, որ անուններով չեմ հիշում: Ասաց՝ ուզում է հանդիպել: Նույնիսկ ներողություն չխնդրեց ուշ ժամին զանգելու համար: Հարցրի՝ ի՛նչ հարցով է: Ստիպված եմ նախապես ճշտել, թե չէ լինում է՝ գալիս են, ժամանակ ես ծախսում, պարզվում է՝ սխալ են եկել: Մի օր մի տղամարդ զանգեց: Ասաց՝ ուզում է գալ: Ես էլ կանչեցի: Եկավ, նկարներս տեսավ, քսան րոպե խոսեցինք: Նույնիսկ ուզում էի սուրճ առաջարկել: Հետո ասում է՝ սխալ մասնագիտություն եմ ընտրել: Հարցնում եմ՝ ինչո՞վ եք զբաղվում: Ասում է՝ իրավաբան եմ, բայց վստահ չեմ, թե դա իմն է: Հասկանում եմ՝ հնարավոր է մարդը սխալվել է, բայց հոգեբանն ի՞նչ անի: Ասացի՝ ձեզ քոուչ է պետք, ոչ թե հոգեբան: Զարմացավ՝ քոուչն ի՞նչ է: Բացատրեցի, որ մարդ է, ով օգնում է կյանքում ճիշտ ուղղությամբ շարժվել: Հարցրեց՝ չե՞մ կարող իր քոուչը լինել: Ասացի, որ հոգեբանը նման հարցերով չի զբաղվում: Ասաց՝ կվճարի: Ատում եմ, երբ մարդիկ ամեն ինչ փողի հետ են կապում: Ասացի՝ փողը կապ չունի, ուղղակի դա իմ գործը չէ: Նեղացած գնաց: Հաստատ մտածեց, որ չեմ ուզում իրեն օգնել: Մի օր էլ մի կին եկավ: Թիթիզներից էր: Ասում է՝ ամուսնալուծված եմ, դատարանը ամուսնուս ճանաչել է երեխայիս խնամակալ: Ու հույս ունի, որ կօգնեմ երեխային հետ բերել: Հարցնում եմ՝ կարո՞ղ է հոգեբանին խառնել եք փաստաբանի հետ: Ասում է՝ չէ, փաստաբան ունեմ: Բա ինձնից ի՞նչ եք ուզում: Ինքն էլ չգիտեր: Ու էլի կան նման դեպքեր: Գալիս են, զբաղեցնում ու գնում: Իրենց վնաս չկա, ես եմ տուժում: Ուրախանում եմ, որ նոր այցելու ունեմ, պարզվում է՝ սխալ է եկել: Տրամադրությունս ընկնում է: Ժամանակս էլ ափսոս է. հազար ու մի գործ ունեմ: Չես էլ կարող ասել՝ վճարեք: Մնում է՝ պատին պաստառ փակցնեմ՝ «Ամենաթանկ բանը ժամանակն է»: Իմիջիայլոց, վատ միտք չէ: Ե՛վ ինձ հիշեցում կլինի, և՛ այցելուներիս: 

Մի խոսքով, երբ երեկոյան տարօրինակ կինը զանգեց, հարցրի՝ ինչ հարցով է: Ասաց՝ հեռախոսային խոսակցություն չէ: Ասացի՝ պետք է իմանամ,  որ հասկանամ՝ կարող եմ Ձեզ օգնել, թե ոչ: Ասաց՝ չեմ կարծում, թե կարող եք: Հարցրի՝ այդ դեպքում ինչո՞ւ եք զանգել: Ասաց՝ բարդ է, ավելի լավ է՝ հանդիպենք: Չեմ հիշում, թե ինչ ասացի, հետո հարցրեց՝ դուք բժի՞շկ եք: Առաջին մարդը չէր, որ հարցնում էր: Զարմանում եմ, երբ հոգեբանին խառնում են բժշկի հետ: Բժշկի գործը մարմնի հետ է, մերը՝ հոգու: Դրա համար էլ կոչվում ենք հոգեբան: Շատերը հոգեբանին շփոթում են հոգեբույժի հետ: Հոգեբույժը բժիշկ է. կարող է դեղ նշանակել: Հոգեբանը դեղ չի նշանակում: Մեր դեղը զրույցն ու ուշադրությունն է: Եթե անկեղծ, փոքր տարիքից ծնողներս համոզում էին բժիշկ դառնալ, բայց ես չէի ուզում: Նախ՝ գիտեի,  որ բժիշկ դառնալու համար պետք է երկար սովորես: Հետո ֆիլմերում տեսել էի, որ բժիշկները գիշերը հերթապահում են: Դա հաստատ ինձ համար չէր: Հոգեբան լինելն ավելի հետաքրքիր է: Հոգեբանները գիրք են գրում, ինչպես Դեյլ Քարնեգին: Երբ սկսեցի աշխատել ու բժիշկ դասընկերոջս հետ գարեջուր խմել, հասկացա, որ ճիշտ եմ ընտրել: Երկուսն էլ կարևոր մասնագիտություն են: Երկուսն էլ օգնում են մարդկանց: Բժիշկը չի թողնում, որ մարդը մահանա արյունահոսությունից, հոգեբանն էլ կանխում է, որ ինքնասպան լինի ընկճվածությունից: Բայց կան կարևոր տարբերություններ: Բժիշկը տնօրեն ունի, հոգեբանը՝ ոչ: Բժիշկն անցնելու է թոշակի, հոգեբանն աշխատելու է, որքան ուզի: Հոգեբան լինելն ավելի մեծ ազատություն է, իսկ ես սիրում եմ ազատությունը: Սիրում եմ էն օրվանից, երբ ուսանող տարիքում սկսեցի մենակ ապրել: Տարօրինակ կնոջն էդքանը չբացատրեցի, միայն ասացի, որ հոգեբանը բժիշկ չէ:

 

Էլի ինչ-որ բաներ խոսեցինք: Ընթացքում կասկածում էի՝ կգա հանդիպման, թե ոչ: Նախ՝ գին չհարցրեց: Այցելուներս, երբ զանգում են, առաջինը դա են հարցնում: Ասում են՝ ի՞նչ արժե Ձեր ծառայությունը: Ասում եմ՝ առաջին հանդիպումը քսան հազար դրամ է, տևում է մեկից մեկուկես ժամ: Եթե որոշում եք շարունակել, ապա ամեն հաջորդը տասնհինգ հազար դրամ է: Հազվադեպ է լինում, որ գին չեն հարցնում: Սովորաբար չհարցնողը չի էլ գալիս: Որոշեցի ես զգուշացնել: Ասացի, որ առաջին հանդիպումը վճարովի է: Ասաց՝ խնդիր չէ, բայց էլի գինը չճշտեց: Հանդիպումը նշանակեցի երկուշաբթի առավոտյան: Կարող էի նշանակել հինգշաբթի կամ ուրբաթ, բայց չուզեցա շուտ կանչել: Թող մտածի՝ մոտս հերթ է: Հարցրի՝ հարմա՞ր է: Ասաց՝ հա, անպայման կգամ, ու անջատեց հեռախոսը: Նույնիսկ հասցեն չճշտեց: Կես րոպեից զանգեց: Ասաց, որ մոռացել է հասցեն ճշտել: Երբ երկրորդ անգամ զանգեց, կասկածներս մի քիչ թուլացան: Բայց հիմա, երբ ուշանում է, նորից կասկածում եմ: Առաջին մարդը չէ, որ չի գալիս:

 


304 views

Recent Posts

See All

1 Comment


LIBNET STR
LIBNET STR
Sep 29

Սա կիսատ տարբերակն է, որտե՞ղ է ամբողջը։

Edited
Like
bottom of page