Արժանացել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի «Առաջին մրցանակ»-ին:
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» ֆակուլտետը, այնուհետև սովորել նույն համալսարանի մագիստրատուրայում՝ «Կինոգիտություն» մասնագիտացմամբ: Նկարահանել է «Վարդանի հետ», «Խաչը թիկունքին», «Լույսի մեջ» և մի շարք այլ ֆիլմեր: Հրատարակել է «Լույսի ձայնը», «Հասկից մինչեւ հաց», «Քո բացական» բանաստեղծությունների ժողովածուները և «Ի վերջո սերը» արձակ գործերի ընտրանին:
ԲԱԲԵԼՈՆ
Ես հյուրանոց ասացի,
գործարարն ասաց․
«Հինգ աստղանի»,
ես մարմինս նկատի ունեի,
որը մշտական բնակատեղի չէ․․․
Ես բարություն ասացի,
իրաբանն ասաց․
«Սոցիալական»,
ես կենդանիներին նկատի ունեի,
որոնք չեն կարողանում աղավաղել բառերը
բոլորին հասկանալի լեզվով․․․
Ես հավասարություն ասացի,
փայտահատը գոչեց․
«ֆինանսական»,
ես ծառին նկատի ունեի,
որը վառարանի մեջ
անտառի մասին երազ է տեսնում․․․
Ես ասացի արյուն․
քահանան գոռաց․
«Թշնամու»,
ես Աստծուն նկատի ունեի,
որն ամեն օր կարմիր արցունքներով
լալիս է իմ մեջ․․․
***
Ձայնալարերիցս հոսող բառերը
հիվանդ հավքերի պես ընկնում են ջրափոսի մեջ,
ես՝ իմ կենտրոնում, բերնեբերան դատարկ
իմ օրերն եմ թերթում մագաղաթի պես,
գտնելու առասպելի այն սին էջը միակ,
որն այլոց միջով է անցնում և կտակ է ինձ դրսից․․․
Ես իմ կենտրոնում,
բերնեբերան դատարկ օրերիս մեջ
մեկ անգամ արտասվում եմ իբրև Պետրոս,
և աշխատանքից կոշտացած ձեռքից գլորվող քրտինքի պես
ընկնում եմ հողին, որից երկնքի հոտ է գալիս․․․
ԵՐԱԶ
Ես եղել եմ ինձանից առաջ,
գուցե չլինեի ինձանից հետո
եթե մեռնող օրերիցս ծնված սերերը
ինձ չստիպեին ապրել,
ջրհեղեղների մեջտեղում ծարաված
այս կես բաժակ կյանքը․․․
Իմ օրերի խարխուլ մակույկների մեջ խեղդվող
բոլոր անունները ջուր են ուզում ինձանից,
ափին ընկած եկած ձկան պես
թպրտում եմ երազի խիտ ուռկանի մեջ,
ոչ տալ, ոչ վերցնել եմ կարողանում արդեն․․․
Գլխումս պտտվող հազարավոր բառերից
(որոնք բոլորը քո մասին են),
տապան եմ կառուցում մեզ իրարից փրկելու համար,
գալիս կանգնում եմ գլխավերևումդ,
և չեմ կարողանում քեզ արթնացնել,
որովհետև դու քնած չես,
այլ քնած ես ձևանում․․․
***
Կույր արծվի պես
պտտվում եմ իմ առանցքի շուրջ,
և տանջվում եմ խելահեղ այն ընթացքից,
որ քեզ հետ պիտի ապրեմ,
չտեսնելով աչքերդ, որոնց մեջ
ամեն առավոտ սևանում էր արևը․․․
Եվ չկա ավելի դժոխային բան
քան այն, որ հիմա
ես հանում եմ բառերի աչքերը,
որ պոեզիան չտեսնի
քո մեռած մարմինը
իմ հոգու ստեղների վրա․․․
***
Կյանքը սուփրա սեղան է
ժամանակի հյուրասենյակում,
որի ողջ ընթացքում
օձին հմայող օձի պես
մահը ուտում է սիրո մարմինը,
և հագենալով հավերժացնում է սերը․․․
ԽՆՁՈՐ
Ես կտրում եմ ցավը խնձորի մեջ,
որը դրախտի հիշողությամբ է բուրում,
ի՞նչ լավ էր վատ ապրում մարդը այնտեղ,
քանի դեռ չէր ճանաչել ինքն իրեն․․․
Չեմ ճամփորդում երազների միջով
որտեղ ամբոխն է երևում,
քանզի միտքը ոչինչ չգիտի այն ամենի մասին
ինչին հավատում է սիրտը․․․
Ես վերևում եմ մնում,
մարմինս վեր է կենում անկողնուց
և կտրում է խնձորը ցավի մեջ,
որը ոչինչ չի հիշում դրախտից արդեն․․․
ԼՈՏՈՍ
Անձրևը լվանում է փողոցի մրոտ դեմքը,
պատուհանագոգին նստած ծեր թռչունը
կրծքի մազերն է փիտում,
նա տեսնում է լույսի վերքին աղ լցնող խավարը,
և տիղմի մեջ քայլող մարդուց չհեռացող Աստծուն․․․
Գիշերվա կոկորդում խրված կայծակից արթնանում,
բառեր եմ լցնում սուրճի բաժակի մեջ,
գազօջախին դրված կարոտը
բանաստեղծության պատին կարդում է․
-Կյանքեր կան ճամփաբաժինների ծալքերում․․․
ՍԱՐՍԱՓ
Սերը սարսափ է ուսուցանում,
այն սնկի նման կայծակից է ծնվում,
կիսաբաց դուռ է թողնում
երազելու համար սակայն․․․
Մեծ գտածո է երջանկությունը,
որին հնարավոր է երբեք չհանդիպես,
երկրային ափսոսանքիդ մեջ․․․
Այս երկու իրողությունների միջև,
կենցաղը սպանում է բոլոր երազանքները,
այն ինչ մնում է դրանից հետո, կյանքն է․․․
ՏԵՍԻԼՔՆԵՐ
Բթանում է ցավը կոնքերի մեջ լույսի,
նա ներս է մտնում սառած արևի նման,
գալիս, վաղեմի ծանոթի պես նստում է կողքիս
և մտերմաբար ձեռքը հոգուս է մեկնում․․․
Հավատալով մենք չենք վստահում իրար,
չեմ խնամում, չեմ կերակրում վաղուց,
ընտելացել եմ սակայն,
ինչպես անծանոթ կինն է խորթ որդուն ընտելանում
ժամանակի ընթացքում․․․
Բացում եմ աչքերս, ոչինչ չի երևում այլևս,
մի հրեշտակ արթնանում և բթացնում է
լույսի կոնքերի մեջ վազող ցավը,
գիտեմ՝ մի օր երբ ցող իջնի
գարնան կուրացած աչքերին,
նա չի վերադառնա իմ տուն այլևս․․․
ՄԵՌՆՈՂ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Մեռնող աստվածների հառնող ժամանակն է մերը,
ուր ամայացող սրտերի մեջ մոխրանում է լույսը
հրդեհված փայտե տանքիների պես,
և մուր է նստում հոգիների կղզիներին բոլոր․․․
Մեռնող աստվածների հառնող ժամանակն է մերը,
ուր հաղթողներին չեն դատում երբեք,
և խավարի բառերը մութ պատերի տակ
հանում են պոեզիայի աչքերը,
որը աղոթքը մարդուն չգտնի այլևս․․․
Մեռնող աստվածների հառնող ժամանակն է մերը,
ուր ոչ թե գնացքն է մեկնում, այլ կայարանը,
ուր մենք հող պետք է դառնանք,
որ հողը դառնա երկիր․․
Comments