top of page
Фото автораBook Fest

Саргис Овсепян


Արձակագիր, սցենարիստ, թատերագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի առաջին մրցանակին։ Հեռուստասերիալների և լիամերտրաժ ֆիլմերի սցենարիստ է։ 2007թ-ից հրապարակվում է գրական մամուլում: Առաջին գիրքը՝ «Դոմինո» պատմվածքների ժողովածուն հրատարակվել է 2012 թվականին։ Սարգիս Հովսեփյան հիմնել է «Մետրո» հրատարակչությունը 2016 թ-ից և դասավանդում է ստեղծագրություն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2018 թվականից։




ՍԵԼՖԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ՀԵՏ

- Ձողը մի քիչ երկարացրու, ըհը, այ… տենց լավ ա…

Չըխկ, չըխկ, չըխկ:

-Արի մի հատ էլ դիրքը փոխած չըխկացնեմ…

Չըխկ, չըխկ, չըխկ:

-Տնաշեն, գոնե մի քիչ տարբեր դեմքեր արա: Ամեն տեղ նույն քառակուսի դեմքն ունես:

-Էս տափակ շենքի ֆոնին էտ էլ ա շատ:

- Առաքելյան, սա մոդերնիստական շենք ա ու իր ոճի մեջ բավականին հաջողված նախագիծ:

- Պահ, էլ ո՞նց կլինի, մոդեռնիստական: Մեկ ա, չես համոզի, անիմաստ շենք ա, միանման պանելներով, անվերջ քառակուսիների շարան… հլը տես, ինձ թվում ա սենց կրկնվող երկրաչափական պատկերներով շենքերը հատուկ սարքել են, որ երևանցիներին հիպնոսի ենթարկեն, որ անընդհատ կրկնությունից գիտակցությունդ մթագնի ու զոմբիի պես ինչ-որ մի թեմայի վրա սևեռված ապրես, իրերի բուն իմաստի մեջ չխորանալով: Թեման էլ իրանք կհուշեն, իհարկե:

- Տես է, հոգեվերլուծության գիգանտ ունենք, աշխարհը չունի… Հիմա դու էս շենքին նայելուց հիպնոսի մեջ ես ընկնու՞մ…

- Չէ, ես սրա նման անհետաքրքիր շենքերի չեմ նայում: Եթե դու ամեն անգամ ինձ էլ հետդ քարշ չտաս սենց շենքեր նկարելու, սկի չեմ էլ նկատի: Ինձ Ֆլորենցիան ա հետաքրքրում, Փարիզն ա հետաքրքրում, մի խոսքով եվրոպական հին ճարտարապետությունն ա հետաքրքրում: Հետո էլ զարմանում ենք` ինչի՞ նորմալ դիզայն չունենք, բա հլը տես իտալացու երեխեն ամեն օր ինչեր ա տեսնում, մենք ինչ ենք տեսնում… Պարզ չի՞, որ ամեն քայլափոխի սենց քառակուսի բաներ տեսնողը մեծանա քառակուսի բաներ ա նկարելու…

- Չէ, պարզ չի, Վարդանյան… Բարոկկո ու ռոկոկո ոճի մեջ էլ մեծանաս, եթե քառակուսի մտածելակերպ ունես, քառակուսի կմտածես: Ամեն ինչ իր ժամանակի մեջ ա հետաքրքիր, էսօր իտալական բարոկկոյի ոճով շենքեր սարքելը լրիվ անհեթեթ ա: Նույնն ա, թե ինչ-որ կոմպոզիտոր հիմա Բախի կամ Մոցարտի ոճով երաժշտություն գրի կամ դու հո սայլով ման չես գալի՞ս, շատ էլ սայլը իր ժամանակին հեղափոխական ու առաջադեմ փոխադրամիջոց ա եղել:

- Հա, բայց գարաժումս սայլ էլ չեմ պահում:

- Եթե իր հայտնագործման ժամանակներից մնացած եզակի նմուշ լիներ, հերիք չի կպահեիր, մի բան էլ վճարովի տուրեր կկազմակերպեիր քո գարաժ:

Վարդանյանը մի պահ դադար տվեց, ապա դեպի մեքենան քայլելով նետեց,- Էտ ուրիշ… Արի, գնացինք, վաղվա նիստին պատրաստվել կա, բան կա…

Առաքելյանը քմծիծաղով մոտեցավ մեքենային:

***

Քաղաքապետն ուղիղ քառասունհինգ րոպե ուշացումով ներս մտավ նիստերի դահլիճ և առանց ժամանակ կորցնելու պահանջեց քվերակության դնել դիմումատու կառուցապատողին` Արշակունյաց փողոցի վրա գտնվող շենքի քանդումը պայթեցման եղանակով թույլատրելու հարցը: Մինչ ավագանու անդամները տրամադրվում էին քվեարկությանը, քաղաքապետը հայացքով գտավ Առաքելյանին ու կծու տոնով նետեց.

- Առաքելյան, փաստորեն վնասակար սովորություններից ոչ մի կերպ չես հրաժարվում:

Առաքելյանն անմիջապես ոտքի կանգնեց և հուզված ու կարկամած արտասանեց.

- Ի՞նչ սովորություն, պարոն, պարոն քաղաքապետ…

- Մի հատ պարոնը հերիք ա, Առաքելյան… Էտ քո սելֆի-մելֆիների, ինստագրամ-մինստագրամների վերջը չես տալիս, էլի... Համ գիտես, որ էսօր էտ շենքի հետ կապված նիստ ունենք, համ գնացել կողքը նկարվել ես, ավելորդ ուշադրություն ես գրավում… Դու գնացել ես, հերիք չի, Վարդանյանին էլ հետդ ես տարել:

Վարդանյանը կարմրեց ու աշակերտի պես գլուխը կախեց, նույնիսկ արդարանալու փորձ չանելով: Առաքելյանը մինչև կմտածեր ինչպես դուրս գալ ստեղծված անդուր իրավիճակից, քաղաքապետը շարունակեց.

- Ես էտ ինստագրամներում նկարներ դնելու իմաստը չեմ հասկանում: Եթե թոփ մոդել լինեյիր, բադակտուց անեյիր, էլի հա… բայց քո դեպքում, Առաքելյան, ընդհանրապես անհասկանալի ա... Կամ էլ հատուկ ես անում, էն լրագրողների ուշադրությունը մի ավելորդ անգամ ինձ վրա հրավիրելու համար:

- Չէ, ի՞նչ եք ասում, պարոն, պարոն քաղաքապետ…

- Ասեցի մի անգամը հերիք ա, չէ՞…

- Այո, պարոն… քաղաքապետ, ուղղակի ես սիրում եմ ճարտարապետություն, գնահատում եմ, ի՞նչ խնդիր կա… Ես մինչև ավագանի ընտրվելն էլ այդ էջն ունեի և պարբերաբար թարմացնում էի տարբեր շենք-շինությունների նկարներ դնելով… նաև դրանց ֆոնին իմ նկարներով…

- Առաքելյան, նախ դու հիմա ավագանի ես, իսկ դա նշանակում է, որ պիտի ավելի պատասխանատու վերաբերվես քո հանրային գործունեությանը, երկրորդ` դու մի ինչ-որ ակումբի զուգարանում հայելու առաջ չես սելֆի արել, որ խնդիր չլինի, այլ շենքի, որի պայթեցման հարցը հաջորդ օրը պիտի քննարկեինք… Տարբերությունը չես նկատու՞մ…

- Նկատում եմ, պարոն… քաղաքապետ:

- Հիմա կտեսնենք… Ո՞վ է դեմ, որ Արշակունյաց 70/17 հասցեում գտնվող շենքը քանդվի պայթեցման եղանակով… Չկա: Ձեռնպա՞հ… չկա: Կո՞ղմ… Անցավ միաձայն, Նիստը հայտարարում եմ փակված:

Առաքելյանն ու Վարդանյանը բոլորից շուտ դուրս եկան նիստերի դահլիճից, ասես խուսափելու համար քաղաքապետի հետ ավելորդ հանդիպումից: Առաքելյանը Վարդանյանին մոտենալով ականջին շշնջաց.

- Գալի՞ս ես, Արշակունյաց…

- Ի՞նչ կա…

- Ուզում եմ նկարվեմ…

- Ձեռ ես առնու՞մ… Ես հավես չունեմ անիմաստ խոսակցությունների…

- Արի, դու չես նկարվի, մենակ ես կնկարվեմ… Ընկերական… Մի հատ… Բոլդոզերի ֆոնին… Մի հատ նկարվեմ, հետո գնանք մի տեղ հաց ուտենք…

- Փաստորեն զոհիդ հետ էիր սելֆի անում… Բայց դու գիտե՞ս, ի՞նչն ե~ս… Տես, ոչ մի շենք-շինություն, ոչ մի ռոկոկո, բառոկո, մոդեռնիզմ… Մենակ բուլդոզեր…

- Հարց չկա, մենակ բուլդոզեր:

25 просмотров

Недавние посты

Смотреть все

Comments


bottom of page