Լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող, արձակագիր։ 2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի առաջին մրցանակին։
Տասնյակ պատմվածքների հեղինակ է, որոնք հրապարակվել են տարբեր գրական հանդեսներում ու կայքերում, ունի 3 տպագրված գիրք, որոնք տարբեր ժամանակներում ընդգրկվել են երևանյան բեսթսելլերների առաջին տասնյակում։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր» վեպի հեղինակն է։ «Կարմիր» վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։
Ակորդեոն, զուռնա, դհոլ
-Բա էդ ակորդեոնն ո՞ւր ես տանում,- ասաց զինկոմիսարիատի երիտասարդ սպան:
– Միանգամից երեւում ա, որ չգիտես՝ պատերազմն ինչ ա,- պատասխանեց ալեխառն մորուքով կամավորն ու երաժշտական գործիքը գրկին՝ մտավ պայծառ գույներով ներկված ավտոբուսը:
Երիտասարդ սպան ձայն չհանեց, մանավանդ, որ կամավորի հետեւից ավտոբուս մտան նրա որդիները: Մեկը՝ դհոլով, մյուսը՝ զուռնայով:
…Հերն ու որդիները միշտ պատերազմի մեջ էին: Հերն ասում էր՝ լավ չեք նվագում, տղերքն էլ թե՝ քեզ ենք քաշել: Միասին 27 հարսանիք էին նվագել, 34 թաղում: Թաղումների ժամանակ հերն ակորդեոնահարից դառնում էր խմբի պրոդյուսեր, իսկ տղերքը դհոլ-զուռնայի փոխարեն դուդուկներն էին տանում: Թեթեւ-թեթեւ գնում էին, ծանր-ծանր մտքերով գալիս: Մի անգամ, երբ դեռ շատ ջահել էին, հորը հարցրել էին, թե պա՛պ, ինչի՞ ա էսքան մարդ մեռնում: Հերն էլ մի պապիրոս էր վառել, մի մուխ քաշել ու ասել.
– Ձեր մորից հետո ինձ էդ հարցը հեչ չի հետաքրքրում:
Տղերքով ապրում էին: Տնից մեկ-մեկ կեղտոտ նասկու հոտ էր գալիս, բայց ճաշը միշտ յուղոտ էր լինում:
Մաման գնաց առաջին պատերազմի ժամանակ: Բայց սկզբից պապան գնաց պատերազմ: Տղերքը փոքր էին, կրտսեր որդին նոր-նոր սկսել էր խոսել, ավագը՝ կարդալ: Հետո լսեցին, որ պապան չկա: Հետո ուրախացան. լուր եկավ, թե բա կա, ուղղակի գերի է ընկել: Էդ ժամանակ էլ մաման հիվանդացավ. ամբողջ օրը գլուխը ցավում էր: Երբ լսեցին, որ պապան գերի էլ չի ընկել, ուղղակի անտառներից մեկում թաքնված՝ սպասել է ընկերներին, ու հիմա հետ է գալիս, մաման տորթ թխեց: Երեկոյան կերան, բայց առավոտյան մաման չզարթնեց: Պապան կեսօրին հասավ…
Գիշերն ավտոբուսը վերջապես տեղ հասավ: Ոչ քաղաք էր, ոչ գյուղ, ոչ դաշտ, ոչ սար, ոչ ձոր…Մարդաշատ տեղ էր: Բոլորը նույն շորով, նույն դեմքով, նույն հայացքով: Տարբեր տարիքի: Ոչ մեկը վախեցած չէր, բայց վախ կար: Մահից չէ: Մահից վախ չի լինում. մահինը բնազդն է: Իրար համար էին վախենում, որ դիմացինը չմեռնի, որ չպակասեն, որ կռվից հետո գնան դիմացինի տուն ու մինչեւ լույս խմեն: Հենց այդպես էլ ասում էին.
-Արա Սուրո, չլնեմ-չիմանամ՝ մեռել ես: Որ մեռնես, ո՞ւմ տուն եմ գնալու՝ խմեմ,Գագոն էր: Գագոն 60 տարեկան մարդ էր: Կյանքում երկու անգամ էր խմել: Երկու աղջիկ ուներ:
Հները նորերին դիմավորեցին ծափերով: Նորերը հետները ամեն ինչ բերել էին՝ խաշած հավից սկսած, դեղին, ծաղկավոր նասկով վերջացրած: Ահագին խնդացին նասկու վրա:
-Ախպե՛ր, դե ի՞նչ անեմ: Սիրածս աղջիկն ա դրել, ասեց՝ դու անշնորհք ես, որ լավ տեղեր ես գնում, ինձ մի ծաղիկ անգամ չես բերում: Սա կհագնես, որ հիշես՝ բերես:
Ակորդեոնի ու զուռնա-դհոլի հետ կապված՝ տղերքը հարցեր չունեին: Հին կռվող էին: – Դե հարմարվեք, տեղավորվեք, մի քանի ժամից, լույսը դեռ չբացված, սկսում ենք,Արսենն էր, հրամանատարը, մականունը՝ դիրիժոր: Չնայած՝ ոչ էնքան մականունն էր, որքան մասնագիտությունը:
Նորեկները չհասկացան էլ, թե ոնց պետք է հարմարվեն, ոնց հարմարվեցին, ոնց սկսեցին ու ոնց նորից հավաքվեցին իրար գլուխ: Չէր լուսանում: Չնայած մեկ-մեկ երկինքն ու հորիզոնը այնպես էին լուսավորվում, որ քեզ թվում էր լուսացել է, բայց դեռ գիշեր էր:
Նորեկները 30 հոգով էին եկել: Հոգով ու սրտով: Մնացել էին 9 հոգի: Հները 25 հոգով էին դիմավորել նորեկներին: Մնացել էին 15-ը: Կահույքագործ Հակոբը չկար, խոհարար Արշակը չկար, պատշար Վաչոն չկար, Սուրոն ու Գագոն չկային …Դիրիժորը կար: Բոլորի հոգիները կային:
Երկար լռեցին: Էլի կլռեին, եթե ինչ-որ բացուխուփի ձայն չլսվեր: Նորեկ կամավորներ հերն ու տղերքը ակորդիոնը, դհոլն ու զուռնան էին հանում պատյաններից: Դիրիժորը ժպտաց: Երաժիշտները ոտքի կանգնեցին: Դիրիժորը՝ նույնպես: Ու սկսվեց: Երաժշտությունը բոլորին ոտքի հանեց: 18 տարեկան Ալեքսն առաջին անգամ էր պարում՝ կարմրած թշերով: Նույնիսկ իրենց Վերջին զանգին չէր պարել: Ամաչում էր, մանավանդ Նունեից: Հիմա Նունեն գիշերը չէր քնում, ինքն էլ պարում էր: Ինքը չգիտեր, որ Նունեն քնած չէ, Նունեն էլ չգիտեր, որ ինքը պարում է…Ջա՜ն: 45 տարեկան Ավոն էլ էր պարում: 45 հազար դոլար պարտք ուներ: Ու մարելու ոչ մի ձեւ չգիտեր ու պարում էր: Ջա՜ն…52 տարեկան Ստյոպն էլ էր պարում: Երեկ իմացել էր, որ որդին գնացել է Բուենոս-Այրես՝ աշխարհի մյուս ծայրը: Նայում էր երաժիշտ հորն ու տղերքին ու պարում էր…Ջա՜ն: Աղվամազով Նարեկն էլ էր պարում: Կյանքում մի անգամ էր սիրահարվել, էն էլ իրենց ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Միշտ կարմիր շրջազգեստ էր հագնում…Ջա՜ն: 30-ամյա Արտոն էլ էր պարում: Ցերեկն իմացել էր, որ խրոնիկ հիվանդություն ունեցող մոր վիճակը սպասումից ու տագնապից ավելի է սրվել: Ինքը պարում էր…Ջա՜ն: Ով էլ չէր պարում, կանգնած ծափ էր տալիս: Նույնիսկ ոտքից վիրավոր Արտուշն էր կանգնած, անգամ ձեռքից վիրավոր Կոլյան էր ծափ տալիս…
Կամաց-կամաց լուսանում էր: Ջա՜ն…
Comentarios